Ինչո՞ւ փրկարարները չեն կարողանում օգտվել սոցփաթեթի ծառայություններից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության որոշ աշխատակիցներ չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից:
Այսօր Panorama.am-ի խմբագրություն են դիմել փրկարար ծառայության աշխատակիցներ՝ ասելով, որ այս տարվա սոցիալական փաթեթի իրենց հասանելիք գումարը չի փոխանցվել: Նրանց խոսքով՝ այժմ կանգնել են փաստի առաջ, քանի որ չեն կարողանում փոխանցել իրենց ուսանող երեխաների ուսման վարձը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ԱԻՆ Փրկարար ծառայության սոցփաթեթի գումարի հետ կապված խնդիր է առաջացել:
«Փրկարար ծառայության սոցփաթեթի գումարը փոխանցվել է համապատասխան հաշվեհամարին, սակայն շահառուները չեն կարողանում օգտվել դրանից, քանի որ տարեսկզբին սխալմունքն է տեղի ունեցել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեսկզբին երկու տարբեր աղյուսակներով է ստացել ԱԻՆ և Փրկարար ծառայության հայտերը, մինչդեռ փրկարար ծառայությունն առանձին ֆինանսական վարչություն չունի, որպեսզի կարողանա իրականացնել ամբողջ գործընթացը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունը խնդրի մասին տեղյակ եղել է, ԱԻՆ-ը համապատասխան գրությամբ դիմել է Սոցապ նախարարություն, ինչից հետո այստեղ իրավական ակտի նախագիծ են պատրաստել և ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմ:
«Դրան զուգահեռ մշակել ենք համապատասխան որոշում և ուղարկել արդարադատության նախարարություն, որպեսզի իրենց կարծիքը հայտնեն: Հույս ունենք, որ հնարավորինս շուտ խնդրին լուծում կտրվի»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` հավելելով, որ Փրկարար ծառայության աշխատակիցների գումարները չեն կորել, դրանք կուտակվում են համապատասխան հաշվեհամարի վրա և կփոխանցվեն շահառուներին անմիջապես նախագծի` հավանության արժանանալուց հետո: