Թուրքիայում հայ տղայի «կրոնափոխությունն» ու դրան հաջորդած արձագանքները
Օրեր առաջ Թուրքիայում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ ներկայացող տղան ուղիղ եթերում իսլամ էր ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել թուրքական Նիհաթ անունը։ Այս մասին գրում է «Էրմեմնիհաբերը»։
Իսլամի ընդունումը տեղի է ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Թուրք աստվածաբանն իր խոսքում նշում է, որ նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Էրմենիհաբերը» կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Վերջինս հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է, հաճախում է հայկական եկեղեցի»: Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:
«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի և իմ համաձայնությունը լիներ, ես ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը:
Ալինան նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը: Նա շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել. «Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:
Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է. «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:
Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:
Թուրքագետ Անահիտ Վեզիրյանն ասել է, որ տվյալ հաղորդումը միտված է իսլամը քարոզելուն, և այս հաղորդման շրջանականերում իսլամ են ընդունել արդեն 21 մարդ՝ այդ թվում Արթուրը: Իսկ հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն Թուրքիայում բավականին ճանաչված անձնավորություն է, իսլամի քարոզիչ է, և վերջերս էլ Էրդողանի կողմից նշանակվել էր Գազիանթեփի իսլամագիտության համալսարանի ռեկտոր:
«Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական հեռուստաընկերության եթերում հայն իսլամ է ընդունում: Մի քանի տարի առաջ թուրքական մամուլում տարածվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է մի հայ կին իսլամ ընդունում: Հայ կնոջ իսլամ ընդունելու մասին մեկ այլ դեպք հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 2015թ.: Չնայած այս դեպքերը հանրային բարձր հնչեղություն են ստացել, բայց կրոնափոխությունը հայերի շրջանում տարերային բնույթ չի կրում:
Այս խմորումները հիմնականում ընթանում են Հայաստանից գնացած քաղաքացիների շրջանում, ինչն էլ մատնում է նրանց շրջանում առկա խնդիրները, որոնք կարող են բազմազան լինել՝ սկսած խառնամուսնություններից մինչև Թուրքիայում, օտար միջավայրում հիմնավորվելու ձգտումը»,- նշել է թուրքագետը:
Անահիտ Վեզիրյանի կարծիքով, հենց այս խնդիրների համատեքստում կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ իսլամ ընդունող հայերի կրոնափոխությունը հրապարակայնացվում է: Մյուս կողմից էլ Թուրքիայում տիրող իսլամի քարոզչությունը խրախուսում է հենց այս մեթոդին դիմելը:
Ըստ Վեզիրյանի՝ տղայի խոսքերից պարզ է դառնում, որ նա տեղի ավանդական (թուրքահայ) համայքնի ներկայացուցիչ չէ: Տղայի ներկայացմամբ՝ ինքը 13 տարեկան է և Թուրքիայում է գտնվում արդեն 12 տարի: Հաղորդման ժամանակ նշվել է, որ մայրը հայ է և քրիստոնյա: Հոր մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, նշվել է, որ խորթ հայր ունի, որի կրոնական և ազգային պատկանելիության մասին ոչինչ չի նշվել, ինչից կարելի է ենթադրել, որ խորթ հայրը տեղացի քուրդ կամ թուրք կարող է լինել:
«Հայաստանը պետք է հետևի Թուրքիայում բնակվող հայաստանցիների հիմնախնդիրներին, սակայն պետք է նշել, որ դրանց վրա ազդելու լծակներ, բնականաբար, չունի: Թերևս այստեղ պետք է անդրադառնալ Պոլսի հայոց պատրիարքության դերին: Ինչպես գիտենք, հայաստանցիները Թուրքիայում ապօրինի են բնակվում և անգամ երեխաները ոչ թուրքական, ոչ էլ հայկական դպրոց չեն կարող հաճախել: Բացի այդ հայաստանցիները մեկուսացած են ավանդական համայնքից և անգամ օտարվում են վերջինի կողմից: Հենց այստեղ է, որ պատրիարքությունը պետք է ցույց տա իր դերը՝ հայաստանցիներին ինտեգրելով համայնքային կյանքի մեջ»,- ասել է Վեզիրյանը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է «կրոնափոխության» այս դեպքին և Թվիվթերի իր միկրոբլոգում մասնավորապես գրել. «Խոսեցի Հաթիփօղլուի կողմից շահագործված երեխայի մոր հետ։ Մայրն ասաց, որ իր որդու ներկայությունը հաղորդմանը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Պաշտոնական բողոք եմ հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող այս հաղորդման»։
Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս թուրքական հեռուստաեթերում հայ տղայի «կրոնափոխության» հարցով զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը: Մասնավորապես նշվում է, որ պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առա այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում «կրոնափոխ» է արել հայ պատանուն:
Ստամբուլաբնակ 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում «մուսուլման դարձնելու» դեպքով
թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն Թվիթերում գրառում է կատարել. «Կարծում եմ՝ ուսուցիչ Նիհաթին սազական չէր: Շատ վշտացած եմ: Տեսանյութը դիտելիս նույն բանն էի զգում, ինչը կզգայի, եթե քրիստոնյաներն առանց ծնողների համաձայնության 13-ամյա մուսուլման մի տղայի մկրտեին: Անկասկած, տեղի է ունեցել շահագործում: Եվ հիմնական խնդիրը կարեկցանքի բացակայությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան