Չինական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում վերելակների գործարան հիմնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:
«Այսօր Հայաստանում կատարվում են լուրջ փոփոխություններ, մեր երկրում վերացված են համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը։
Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց գործունեությանը և հավելել, որ հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ:
«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել մեր երկրում` ստեղծելով արդյունաբերական գոտի:
MZTL ընկերության ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:
Երևան վերադառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն: Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր
- Չինաստանի ամենամեծ շինկազմակերպությունը ցանկություն ունի ներգրավվելու «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում