85 միլիոն դրամ՝ ԱԺ-ի համար անվտանգության 4 սարք ձեռքբերելու համար
Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունվեց պահուստային ֆոնդից 85 միլիոն դրամ հատկացնել Ազգային ժողովին: Այդ գումարով նախատեսվում է խորհրդարանի անցակետերի համար ձեռք բերել ռենտգենային զննող 4 սարքավորում։
Նշենք, որ որոշման նախագիծը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ էր: Նախագծի հիմնավորման համաձայն, Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում, դրանք շահագործվում են դեռևս 1998թ-ից: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար:
Այսպիսով, ԱԺ-ն նպատակահարմար է գտնում ձեռք բերել արդիական մոդելի ռենտգեն սարքեր՝ անվտանգության համակարգի անխափան աշխատանքը ապահովելու համար: Նախատեսվում է սարքերից երեքը տեղակայել անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն ասաց, որ սարքերը կտեղադրվեն ստեղծվող նոր անցակետում, որի նպատակն ԱԺ մուտքը հեշտացնելն է։
Հարցին, թե արդյոք խորհդարանի մուտքի խստացումը պայմանավորված է իր տեղակալի կողմից զենք անցկացնելու փորձի հետ, Տիգրան Գալստյանն ասաց, որ իր տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել է, դա ուղղակի քննարկում է եղել, ենթադրում են, որ այդպիսի բան է եղել, բայց նման բան չի եղել։