Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին՝ ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության` մայիսի վերջին Քննչական կոմիտեին է հանձնվելու «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները:
Նրա խոսքով՝ այդ հետազոտության արդյունքներով էլ կառավարությունը կշարժվի։ «Այսինքն՝ քրեական գործը կամ իր հանգուցալուծումը կստանա, կամ կշարունակվի, կառավարությունն էլ համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի»,- ընդգծեց փոխվարչապետը:
Հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծագած խնդիրը որքանով կազդի օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա, և որքան վնաս կկրի Հայաստանը, եթե եզրակացությունները բացասական լինեն, Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց սպասել վերջանական պատասխաններին, որից հետո կառավարությունը վերլուծություն կանի և գնահատական կտա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ծրագիրն ինչ հանգուցալուծում է ունենալու, փոխվարչապետը նշեց, որ մի քանի անգամ բոլոր հնարավոր հարթակներից ասել են՝ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել. «Այսինքն՝ եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»:
Հարցին, թե ի վերջո հետագայում ներդրողների վրա դա կանդրադառնա՞ , Տիգրան Ավինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթ և հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրգործ հարուցել Ամուլսարի ճանապարհները փակած ցուցարարների դեմ
- «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք. ՔԿ
- Ամուլսարից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան