«Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով ՈւԵՖԱ-ին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու ընտրության հետ կապված։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ:
««Արսենալում» բոլորը ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ, և մենք անհամբերությամբ սպասում ենք «Չելսիի» դեմ խաղին: Բայց և այնպես, մենք խորապես հիասթափված ենք այն փաստից, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն կարող է մեր ակումբին տրամադրել ընդամենը 6 հազար տոմս 60 հազար երկրպագու ընդունող մարզադաշտում»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ, որը հրապարակված է «Արսենալի» պաշտոնական կայքում։
Հայտարարությունում նշվում է, որ ակումբն ունի ավելի քան 45 հազար բաժանորդ, «Արսենալն» անընդհատ բողոքներ են ստանում երկրպագուներից, որ չեն կարող ներկա գտնվել Եվրոպայի լիգայի եզրափակչին։
«Մեր երկրպագուների անունից կցանկանայինք հասկանալ այն չափանիշները, որոնցով ընտրվում են եզրափակիչների անցկացման վայրերը, ինչպես նաև՝ ինչպես է հաշվի առնվում երկրպագուների շահերը։ Մենք ՈւԵՖԱ-ին կոչ ենք անում ապագայում հաշվի առնել երկրպագուների պահանջները, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ այս մրցաշրջանում, անընդունելի է և չպետք է կրկնվի։ Ուրախ կլինենք մասնակցել ցանկացած քննարկման, որպեսզի խուսափենք նմանատիպ իրավիճակների կրկնությունից»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը նույնպես քննադատել էր եվրագավաթների եզրափակիչների անցկացման քաղաքների ընտրությունը, մասնավորապես ասել էր. «Ինչ վերաբերում է Մադրիդին, կարծում եմ, որ ամեն ինչ անհավանական թանկ է, սակայն գոնե այն աշխարհի մյուս ծայրում չէ ի տարբերություն Բաքվի։ ... Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու։ Լսել եմ, հյուրանոցի համարը, որը սովորաբար արժե 100 ֆունտ, հիմա տրամադրում են 2700 ֆունտով։ Դա խելագարություն է»։
Հունիսի 1-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Կլոպ. Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու
- Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
- Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան