Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիային
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կոնվենցիան հետապնդում է երկու հիմնական նպատակ`
1.բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար,
2.ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ և ի տարբերություն ազգային օրենսդրությունների շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների (կամ չի փոփոխվում):
Կոնվենցիայով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
Կոնվենցիայով երկու պետությունների հարկային մարմինների միջև նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը և հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում` հարկումից խուսափելը կանխելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ Կոնվենցիայի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: