Նախկինում կային շենքեր` պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին թանկ լինել. Սարհատ Պետրոսյան
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեք պատճառ, թե ինչու են հանրապետությունում անշարժ գույքի գները բարձրացել:
Առաջին պատճառն, ըստ նրա, Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, ինչը, բնականաբար, ազդել է պահանջարկի վրա:
Երկրորդը հիփոթեքի շուկայի ակտիվացումն է: Սարհատ Պետրոսյանը հայտնեց, որ այսօր բանկերը 6.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են տրամադրում։
Երրորդն, ըստ նրա, այն է, որ կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է դարձել շինարարական գործունեություն ծավալելը։ Ուստի, բազմաթիվ փոքր և միջին կառուցապատողներ, որոնք նախկինում միգուցե խնդիրներ ունեին, հիմա հեշտ թույլտվություններ են ստանում։ «Այսինքն՝ նոր խաղացողներ են ի հայտ գալիս»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք մեծ է արտերկրում բնակվող հայերի թիվը, որոնք բնակարաններ են գնում Հայաստանում, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ Կադաստրն արել է նման մոնիթորինգ, բայց ինքը խնդրել է դադարեցնել այն։
«Ինչո՞ւ, որովհետև հատկապես երկքաղաքացիների քանակի աճը բերել է նրան, որ մեր պատկերը ճիշտ չէ։ Իհարկե հիշում եմ, որ վերջին թվերով դրսի հայերը ավելի շոշափելի մաս էին կազմում»:
Նրա խոսքով՝ անշարժ գույքի գործարքների մեջ մեծ մասնաբաժին է կազմում բնակարանների առք ու վաճառքը, երկրորդ տեղում՝ առանձնատների, երրորդ տեղում՝ կոմերցիոն տարածքների վաճառքը:
Նրա ներկայացմամբ՝ անշարժ գույքի ամենամեծ պահանջարկը Երևանի Կենտրոն վարչական շրջանում է, հաջորդում են Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են այն պնդումները, որ Երևանի Կենտրոնում չարդարացված բարձր գներ են, Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, որ շուկան է որոշում այդ գինը. «Նախկինում մենք ունեինք շենքեր, որտեղ այսինչ կամ այնինչ պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին թանկ լինել։ Բնականաբար, հիմա նման բաներ չկան»։