ԿԳ փոխնախարարը շնորհակալությունների մասին է խոսում, ծնողները՝ պատճառված անհարմարությունների
Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձան առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ասաց, որ մայիսի 15-ին համակարգը փորձնական մեկնարկել է Երևանում: Ըստ նրա՝ այն մեկնարկել է բազում փորձարկումներից հետո:
Նրա խոսքով՝ կանխատեսվում է նոր ուստարվա համար ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցի, իսկ տեղերը նախատեսված են 14 հազար հնարավոր առաջին դասարանցիների համար:
Արևիկ Անափիոսյանը հայտնեց, որ այսօր ժամը 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:
«Տեխնիկական խնդիր ունենք շուրջ 100 երեխայի հետ կապված: Դա պայմանավորված է նրանով, որ երեկ առավոտյան ժամը 09:10-ից մինչև 09:25-ը խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով ու այդ տեխնիկական խնդիրը բերել է նրան, որ ամբողջ համակարգով հնարավոր չի եղել գրանցում իրականացնել, սակայն խնդիրներն արագ հարթվել են ու 09:25-ից համակարգը սկսել է բնականոն աշխատել», - ընդգծեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն կանխատեսվող առաջին դասարանցիների շուրջ 75-ից 80 տոկոսը հայտագրված է:
Արևիկ Անափիոսյանը նշեց նաև, որ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով եղել է դպրոց, որ մեկ մարդը զբաղեցրել է 124 տեղ. «Քանի որ անընդհատ քլիք է արվել, դրա արդյունքում մեկ հոգու անունը գրանցվել է 124 տեղում, բայց բոլոր հնարավոր կրկնությունները վերացված են»:
Նա նաև հայտնեց, որ մեկ երեխայի համար 30 տարբեր IP-ներից փորձ են կատարել գրանցվել, այդ իսկ պատճառով առաջին գրանցված IP-ից բացի, մնացածը բլոկավորվել են:
«Ունենք դպրոցներ, որտեղ 09:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն զբաղված են եղել, այդ դպրոցներից օրվա ընթացքում մեկ-երկու բողոք է եղել, որ համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել գրանցվել»,- ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն տոկոսն է խափանված եղել, փոխնախարարն ասաց, որ հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների 0,7 տոկոսը:
Ըստ Արևիկ Անափիոսյանի՝ ստացել են բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների և ուսուցիչներից, և տնօրեններից, և ծնողներից, որոնք կարողացել են տանից դուրս չգալով, հայտագրել իրենց երեխաներին իրենց ցանկալի դպրոցում. «Մենք սրանով վերջ դրեցինք այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցվում էին դպրոցներում»:
Հիշեցնենք, որ երեկ Panorama.am-ն անդրադարձել էր առցանց գրանցման ընթացքում առաջացած խնդիրներին: Թեև փոխնախարարն ասում է, որ տեխնիկական խնդիրը եղել է 09:10-ից մինչև 09:25-ն ընկած ժամանակահատվածում, սակայն խմբագրության ստացած ահազանգերն ու սոցցանցերում քննարկումներն այլ բան են ցույց տալիս: Այո, եղել են հաջողակներ, որ երեխային կարողացել են իրենց ուզած դպրոցում գրանցել հաշված րոպեների ընթացքում, սակայն մեծ մասի մոտ դա տևել է մինչև մեկ ժամ, կան մարդիկ, որոնք ավելի քան 3 ժամ անց էլ չեն կարողացել գրանցել երեխային։
Կան քաղաքացիներ, որոնք չեն կարողացել իրենց ուզած դպրոցում երեխային գրանցել։ Ստացվելու է, որ ավագ երեխաներն այլ դպրոց են գնալու, կրտսերը՝ մեկ ուրիշ։ Այսինքն՝ բոլոր դժվարություններն էլ մնալու են ծնողների վրա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ն ունքը սարքելու տեղը աչքը հանեց
- ԿԳՆ-ն առաջարկում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին մեկ ժամ շուտ թողնել աշխատանքից
- 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողներին
- Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցումը կարելի է սկսել մայիսի 15-ից