Քննչական կոմիտեն՝ Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի մասին
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ անձը, ում մեղադրանք է առաջադրվել, 5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն է։
Ըստ կոմիտեի, մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը՝ Վարդգես Գասպարին հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որի նախաքննությունը շարունակվել է ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում: 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1968 թվականին:
Ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանի համոզմամբ, նրա նկատմամաբ քրեական հետապնդում է իրականացվում։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.« Խուլիգանությունը, որ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Վարդգես Գասպարիի դեմքին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում