Ռուսաստանը գովում է Եվրոպայի խորհրդին, մինչ Ուկրաինան սպառնում է դուրս գալ կառույցից
Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 16-17-ին Հելսինկիում անցկացնում են տարեկան հանդիպումը, որի ընթացքում ընդունվելու են մի շարք կարևոր որոշումներ կազմակերպության ապագայի հետ կապված։ Հանդիպման օրակարգում է, ի թիվս այլ հարցերի, կազմակերպության դերը՝ Եվրոպայում հակամարտությունների ու ճգնաժամի լուծման գործում։
Եվ ահա նախօրեին պարզ դարձավ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը հրաժարվել է մասնակցել ժողովին, սպառնում է վերանայել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ, գրում է France24-ը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիևը, ով տեսել է նախնական փաստաթուղթը, պնդում է, որ ԵԽ նախարարները կարող են ընդունել մի փաստաթուղթ, որը թուլացնում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ու կարող է հանգեցնել Ռուսաստանի պատվիրակության վերադարձին ԵԽԽՎ՝ իր պայմաններով, որտեղ ՌԴ պատվիրակները զրկվել էին քվեարկության ու մի շարք այլ իրավունքներից 2014թ.-ին՝ Ղրիմի «բռնակցումից» հետո։
Արիևը մեղադրել է Ֆրանսիային ու Գերմանիային՝ Ուկրաինային, Վրաստանին ու Բալթյան երկրներին աջակցելու փոխարեն Ռուսաստանին պաշտպանելու մեջ։
Այս անգամ, սակայն, Եվրոպայի խորհրդից իր գոհունակությունն է հայտնել Ռուսաստանը. երեկ տարածված ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «ԵԽ-ին անդամակցությունն օգնեց բարելավել Ռուսաստանի արդարադատության և քրեակատարողական համակարգերը, նույնիսկ սպորտը՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում»։
«Ռուսաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի պահպանման ու ամրապնդման մեջ՝ որպես եվրոպական մայրցամաքի ամենահեղինակավոր և հարգված միջազգային կազմակերպություններից մեկը», - ասում է ՌԴ ԱԳՆ-ն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցելու է Հելսինկիի ժողովին։ Լավրովը հույս է հայտնել, որ «արդարությունը» կվերականգնվի։
ՌԴ Դումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովն էլ, անդրադառնալով Ուկրաինայի ԱԳ նախարարի կողմից նիստին չմասնակցելուն, թվիթերում գրել է, թե «Ուկրաինան արդեն հոգնեցրել է բոլորին իր մշտական վերջնագրերով, քմահաճույքներով ու հիստերիկությամբ։ Ամեն ինչ սահմաններ ունի»։
Նշենք, որ Ռուսաստանն արդեն 2 տարի հրաժարվում է վճարել ԵԽ իր անդամավճարը, որը կազմում է տարեկան 33 մլն եվրո, լրջագույն ֆինանսական խնդիրներ ստեղծելով կառույցի համար։