Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Կառավարության հասարականության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:
Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և այլ թեմաների: