Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը մայիսի 17-ին՝ ժամը 12-ին մոտ, ծանուցագիր է ստացել, որ հրավիրվում է Երևան քաղաքի քննչական վարչություն՝ վկայի քրեադատավարական կարգավիճակով։ Թե ինչի համար է հրավիրվել, ո՛չ Թավադյանը, ո՛չ փաստաբան Նարեկ Ալոյանը չգիտեին։
Մի քանի ժամ այնտեղ անցկացնելուց հետո վարչության շենքից դուրս եկած Թավադյանին հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել։
«Մեր համար անհասկանալի մեղադրանք էր, ինչի համար ես հրաժարվեցի ցուցմունք տալ։ Ոնց հասկացա, ինձ մեղադրում են այն բանի համար, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում։ Ինձ համար դա շատ անհասկանալի է, ինձ թվում է, ես ազատ քաղաքացի եմ, ցանկացած վայրում իրավունք ունեմ գտնվելու, եթե չկա որևէ սահմանափակում»,-ասաց Թավադյանը։
Փաստաբան Նարեկ Ալոյանը մանրամասնեց, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ որպես զենք գործադրվող առարկայի գործածմամբ խուլիգանություն կատարելու համար։
«Տվյալ դեպքում քննչական մարմինը որպես զենք է գնահատել ջրի պլաստիկ շիշը։ Քննիչի կողմից որոշում է կայացվել Թավադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ և միջնորդություն է ներկայացրել դատարան, քննությունը կլինի կամ այսօր ուշ գիշերը կամ վաղը»,-ասաց Ալոյանը։
Փաստաբանն ասաց՝ չի ցանկանում անդրադառնալ մեղադրանքի էությանն ու խափանման միջոցի իրավաչափության հարցին, այդ մասին առիթ կունենան խոսել թե դատարանում, թե դրանից դուրս։
Նարեկ Ալոյանի համոզմամբ, Արմեն Թավադյանի նկատմամաբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
«Նման համոզմունքի համար հիմք են հանդիսանում մի շարք հանգամանքներ։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, անձ է, ով բացահայտ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Նրան մեղադրանք առաջադրելը հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարության այս փուլում, մեր համոզմամբ, խոսում է քաղաքական հետապնդման մասին»,-ասաց Ալոյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ոստիկանության ձևակերպման համաձայն, Արմեն Թավադյանը հրավիրվել էր ոստիկանության բաժին։
«Մենք այդ հարցի առնչությամբ մի քիչ այլ դիրքորոշում ունենք, բայց ելակետ ընդունելով ոստիկանության ձևակերպումը, որ Թավադյանն այնտեղ եղել է հրավիրյալի կարգավիճակում, արձանագրենք, որ Թավադյանը ներկայացել է ոստիկանություն սեփական կամքով։ Այսօր վարույթ իրականացնող մարմինը ծանուցում է ուղարկել նրան քննչական բաժին ներկայանալու վերաբերյալ այսօր ժամը 12։00-ին մոտ։ Իրավկիրառ պրակտիկայում ծանուցագիրն ուղարկում են որպես կանոն՝ առնվազն մեկ շաբաթ ժամանակ ընձեռելով անձին, քանի որ ծանուցագրում նշվում է, որ անձը կարող է ներկայանալ փաստաբանի ուղեկցությամբ, այսինքն՝ ժամանակ են ընձեռնում, որպեսզի փաստաբանի դիմի, իր իրավունքներին ծանոթանա, և այլն։ Տվյալ դեպքում մենք ծանուցում ստացել ենք ծանուցագրում նշված ժամից ընդամնեը երեք ժամ առաջ»,-մանրամասնեց փաստաբանը։
Իսկ արդյոք Գասպարի նկատմամբ որևէ գործ կհարուցվի դատարանի մուտքի մոտ տեսախցիկների առաջ ոստիկաններին «թափթփուկներ» կամ «տականքներ» ասելու համար՝ այս պահին լուր չկա։
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ
- Վարդգես Գասպարիի դեմքին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին