Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները նախատեսում են միջնորդություն ներկայացնել քրեական գործի դադարեցման մասին` հանցակազմի բացակայության պատճառով: 360tv.ru-ին այս մասին ասել է պաշտպաններից մեկը՝ Ալեքսեյ Պարշինը։
Նա նշել է, որ ստացել են բոլոր փորձաքննությունների արդյունքները, դրանք վերլուծել են, ստացվում է, որ աղջիկների գործողություններում հանցակազմ չկա, նրանք պաշտպանվել են։
«Դա հաստատել է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննությունը»,- ասել է փաստաբանը։
Նրա խոսքով, աղջիկները գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում, քանի որ «նրանց նկատմամբ հանցագործություն է կատարվել»։
«Կատարվել է, կատարվել էր, և նախատեսվում էր։ Նրանք մշտապես ապրել են հոգեկան-տրավմատիկ վիճակում»,- ասել է Ա. Պարշինը։
Նրա գործընկեր փաստաբանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել հաջորդ շաբաթ։ Հաջորդ նիստը նախատեսված է մայիսի վերջին։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին