Նարեկ Ալոյան. Եթե Գասպարին սխալ է, պետությունը ինչո՞ւ ոստիկանների պատիվը չի պաշտպանում
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը կարծում է, որ Վարդգես Գասպարիի՝ ոստիկաններին ուղղված վիրավորանքներից հետո պետությունն անելիք ունի։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք նստավայրի դիմաց Վարդգես Գասպարին կարգը հսկող ոստիկաններին «լակոտ», «թափթփուկ» և «տականք» է որակել։
«Հանրապետության վարչապետն ու ոստիկանության պետը պետության հանրային իրավական պարտավորությունների կատարումը պատվիրակել են նաև ոստիկաններին։ Եվ այդ ոստիկանները, Վարդգես Գասպարիի բնութագրմամբ, ունեն նման որակական հատկանիշներ։ Հիմա հարց է առաջանում, եթե Գասպարին ճիշտ է ու տվյալ անձինքն իրոք ունեն նման որակական հատկանիշներ, ինչո՞ւ է պետությունը իր հանրային իրավական պարտականությունների կատարումը պատվիրակել նման ոստիկաններին։ Եթե Գասպարին սխալվում է, ինչո՞ւ նույն պետությունը միջոցներ չի ձեռնարկում իր պատվիրակների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, Գասպարիի վիրավորանքներին ու վարքին էմոցիոնալ պատասխան կարող է տալ 10 քաղաքացուց առնվազն 7-ը։
«Այսինքն, մենք ունենք իրավիճակ, երբ ոստիկաններն ունեն պատրաստվածություն և չեն արձագանքում իրենց հասցեին հնչած վիրավորանքներին։ Բայց Հայաստանի քաղաքացիների մենթալիտետը հաշվի առնելով, մենք կարող ենք ասել, որ տասից յոթը, եթե լսի իր հասցեին այնպիսի վիրավորանքներ ու որակումներ, ինչպիսին Գասպարին տալիս է ոստիկաններին, էմոցիոնալ արձագանք կտա»,-նշեց նա։
Նկատենք, որ քննչական կոմիտեն Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրել Վարդգես Գասպարիին շշով հարվածելու համար։ Թավադյանը չի ընդունում մեղադրանքը։ Քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Փաստաբանը համարում է, որ իր պաշտպանյալն ազատ կարծիք է արտահայտել։
«Հիմա պետության կողմից կարծիքն արտահայտելու ազատությունը քրեական ծանր հանցագործություն որակելը և գործ հարուցելը, իմ կարծիքով, ճնշում է ազատ կարծիք արտահայտելու իրավունքը»,-ասաց Նարեկ Ալոյանը։
Նա մտահոգիչ համարեց «փաստը, որ քաղաքական հետապնդման ենթարկվող Ռոբերտ Քոչարյանին սատարող անձը՝ Արմեն Թավադյանը ևս քրեական հետապնդման է ենթարկվում», հատկապես այն պարագայում, երբ նա ղեկավարում է հեռուստաընկերություն, որը տարբերվող կարծիք է արտահայտում։
«Հեռուստաընկերության ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում շշով խուլիգանություն կատարելու համար, իսկ թե այդ շիշն իրականում ո՞ւմ կողմից է նետվել, նետվե՞լ է, թե՞ չէ, առահասարկ չի պարզվել»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն՝ Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի մասին
- Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Օսիպյանը հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ
- Վարդգես Գասպարին նախ պառկեց գետնին, հետո մտավ դատարանի շենք
- Վարդգես Գասպարիի դեմքին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Ըստ Վարդգես Գասպարիի՝ ակցիայի մասնակիցները ջրի շշով հարվածել են դեմքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին