«Մեկ Հայաստան»-ը հանդես է գալու ներկայիս իշխանության հետ կառուցողական ընդդիմության դիրքերից. Արթուր Ղազինյան
Հայաստանի երրորդ Հանրապետությունն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ շրջանը, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել և շարունակում են ընթանալ այնպիսի իրադարձություններ, որոնք ի զորու են փոխել մեր պետության ընթացքը։ Այս մասին այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում ասաց կուսակցության հիմնադիր անդամներից Արթուր Ղազինյանը:
«Կարող ենք շարժվել մի ուղղությամբ և ունենալ ուժեղ պետություն, պետականություն, պետական և ազգային ինստիտուտներ, ամրացնել և կենսունակություն հաղորդել ազգային ինքնության հիմքերին, կամ կարող ենք շարժվել մեկ այլ ուղղությամբ և, վերջին հաշվով, հասկանալ, թե ՀՀ-ն որպես պետություն, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, արդյոք կկարողանա՞ դիմագրավել այս մարտահրավերներին»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ մարտահրավերները տեղի են ունենում ինչպես ներսում, այնպես էլ դրսում, Հայաստանի շուրջ ընթանում են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բավականին բարդ գործընթացներ, ինչը պետք է գիտակցել ամբողջ խորությամբ։
Արթուր Ղազինյանը նշեց, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքն առավելապես կառուցված է եղել «ընդդեմ» գաղափարախոսության, չի հաջողվել ձևավորել քաղաքական մշակույթ, որտեղ կլինեն գաղափարներ և մրցակցություն, որտեղ կլինի գիտակցում և այդ քաղաքական մշակույթն իր մեջ կկրի և կարմատավորի ՀՀ ազգային, պետական շահը։
Ըստ նրա՝ նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր դժվարություններում և դրա վրա ձևավորել, հասունացնել քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից պետք է ընդունել, որ այդ քաղաքական կապիտալը նմանվում է հոսող ավազի։
«Այն ցեմենտավորված ու ամրապնդված չէ ապագային միտված կառուցողական քաղաքականությամբ: Չի խոսվել, չի ասվել, թե ինչ է պատրաստվում անել այդ քաղաքական ուժը, այլ բացառապես քննադատել և մեղադրել է նախկին իշխանություններին։ Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է բավական մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Ըստ նրա՝ «հանունը» դժվար է, բարդ է, պետք է համոզել, գաղափար և էներգիա տալ, իսկ «ընդդեմ»-ի շուրջ արագ են հավաքվում մարդիկ, նույնքան էլ արագ իրենց քաղաքական առաջնորդին ու թիմին մենակ են թողնում։
Նրա խոսքով՝ անցած տարվա իրադարձությունները կարող էին փոխել Հայաստանի զարգացման անիվի ուղղությունը, ժողովուրդն արեց իր գործը՝ հետագան վստահելով քաղաքական առաջնորդներին՝ տալով նրանց թաքնված պատգամ, որ վերջապես վերջ դրվի անցյալի և ներկայի միջև ընթացող պայքարին և մշակվի ապագայի քաղաքականություն, ստեղծվի սերունդների համերաշխության միջավայր, և առաջ շարժվեն՝ մտածելով բացառապես երկրի ապագայի մասին։
«Սակայն նոր իշխանությունը չընկալեց ժողովրդի իրեն տված այդ պատգամն ու լրջագույն առաքելությունը։ Կրկին անգամ չդիմացավ մտնելու ներկայի և անցյալի տասնամյակներ տևող պայքարի մեջ և չորդեգրեց ապագային միտված քաղաքականություն։ Այսօր Հայաստանում ապագայի համար պայքարը կրկին պարտություն կրեց, մենք նորից ներքաշվեցինք անցյալի ու ներկայի անվերջանալի ու հոգնեցուցիչ պայքարի մեջ»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության ապագայի զարգացման համար ստեղծված է աննախադեպ բարենպաստ իրավիճակ, ստեղծվել է քաղաքական ազատ տարածք և այն պետք է լցվի։ «Իհարկե դա դժվար է, բայց մեր ողջ ուժն ու եռանդը կենտրոնացնելու ենք Հայաստանի զարգացման, հեռանկարային ծրագրերի, հայեցակարգերի մշակմանը և հանդես ենք գալու այսօրվա իշխանության հետ կառուցողական ընդդիմության դիրքերից»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը։
Նա նաև նշեց, որ իրենք քաղաքականության մեջ փորձ են արել ձևավորել մի իրողություն, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն իրենց ոլորտներում հաջողված, ճանաչված, հարգված մարդիկ, որոնք ունեն մեծ ինտելեկտուալ պոտենցիալ, փորձագիտական և ակադեմիական լուրջ բազա և կարող են իրենց գիտելիքները, փորձառությունը ներդնել ՀՀ-ի ապագայի տեսլականի ձևավորմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան