«Զվարթնոց»-ում կբացվի «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես
Այսօր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կներկայացվեն թանգարանային առարկաներ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի հավաքածու»-ից, ինչպես նաև Շարամբեյանի անձնական իրեր, գեղանկարներ, որոնք տրամադրել են նրա ժառանգները: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից։
Հովհ. Շարամբեյանը մեծ ավանդ է ներդրել թանգարանաշինության և մշակութային ժառանգության պահպանության գործում: Արվեստագետի գործունեությունը ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի հենց այդ համատեքստում:
Հեղինակային բնօրինակ էսքիզների և լուսանկարների միջոցով կներկայացվի Շարամբեյանի անցած ուղին՝ շեշտը դնելով թանգարանաշինության և հուշարձանների պահպանության գործունեության վրա: Հովհաննես Շարամբեյանի գեղանկարներում առանձնահատուկ է Դիլիջանը. քաղաքի բնապատկերներով հեղինակային բնօրինակ գեղանկարները կցուցադրվեն՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի»-ի մասնաճյուղի և արվեստագետի ժառանգների տրամադրված հավաքածուներից:
Կներկայացվեն նկարչի այն աշխատանքները, որոնցում ազգային, ավանդական մոտիվների շնորհիվ շեշտված է նրա ազգային ինքնությունը:
«Թանգարանների գիշեր» ամենամյա և Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. Ավանդույթի ապագան» խորագիր կրող միջոցառումներ են նախատեսվում «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս արգելոց-թանգարաններում:
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան (1926 թ. Երևան – 1986 թ. Երևան) մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրա զարգացման ուղղությամբ։ Ողջ կյանքի ընթացքում Հովհաննես Շարամբեյանը գտել, Սփյուռքից Հայաստան է բերել օտարացման դատապարտված հայ գորգագործության նմուշները: Հովհաննես Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա` մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի, Երևանի փայտարվեստի թանգարանի և մի շարք այլ մշակութային կենտրոնների ստեղծման գործում։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան