«Հակապլաստիկ հերոսներ»-ը՝ Միսաք Մանուշյանի անվան այգում
Արամի փողոցի հարակից Միսաք Մանուշյանի անվան այգում անցկացվում է «Հակապլաստիկ հերոսներ» բնապահպանական հանրային միջոցումը, որի ընթացում պլաստիկի դեմ «պայքարի դուրս կգան» երևանյան դպրոցների մի քանի տասնյակ աշակերտներ:
Միջոցառման կազմակերպիչ Փրոփր Պլաստիկ ընկերությունից հայտնում են, որ աշակերտները միջոցառման են եկել էկոգիտելիքով զինված. նախաձեռնության շրջանակում երևանյան հինգ դպրոցներում անցկացվել են պլաստիկի ձևավորման և կյանքի ցիկլերը ներկայացնող էկոլոգիական ինտերակտիվ դասընթացներ: Կրթական միջոցառումների հիմնական նպատակն է պլաստիկի օրինակով աշակերտներին ծանոթացնել համակարգային և դիզայն մտածողության սկզբունքներին, որոնց միջոցով կարելի է մշակել տնտեսական և սոցիալական խնդիրներին ուղղված այնպիսի լուծումներ, որոնք ոչ միայն չեն վնասում, այլև օգնում են բնությանը:
Դասընթացի մասնակից փոքրիկները հնարավորություն կունենան խաղերի ու մրցույթների միջոցով կիրառել իրենց ստացած գիտելիքները՝ մասնակցելով պլաստիկի վերամշակման առաջնային փուլերից մեկին՝ տեսակավորմանը: Բացօթյա ուրախ խաղերի ընթացքում աշակերտները կտեսակավորեն շուրջ 300 կգ պլաստիկ, որը հետագայում կվերամշակվի՝ վերածվելով դպրոցի և քաղաքի համար օգտակար և կիրառելի իրերի:
Միջոցառումն իրականացնում է «Փրոփր Պլաստիկ» կայուն դիզայնի ընկերությունը, Revolve Consulting-ը և Գլոբալ Շեյփերս Երևանը (համաշխարհային Գլոբալ Շեյփերս համայնքի (Global Shapers Community) մասը)։ Հեղինակների հավաստմամբ՝ «Հակապլաստիկ հերոսներ» նախաձեռնությանը շարունակակն բնույթ է կրելու: Հակապլաստիկ առաջին հերոսներ են դառնալու «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, «Արեգնազան» կրթահամալիրի, «Այբ», Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների 6-7-րդ դասարանների սաները:
Հեղինակները նպատակ ունեն նմանօրինակ միջոցառումների միջոցով բարձրացնել երեխաների բնապահպանական իրազեկության աստիճանը, նպաստել էկոքաղաքացիական մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը՝ Երևանը վերածելով կայուն կանաչ քաղաքի: