ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն դոլարի վարկային միջոցի տրամադրումը. ԿԲ
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով:Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
»Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր ՎՄ-ի միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը,մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների ևսոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ:
Այսպիսով, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիսժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):
Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:
Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը»: