Փոխնախարարի հորդորը՝ ծիրանենու մշակությամբ զբաղվողներին
Ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրերում այս տարի փոփոխություններ են կատարվել։ ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
«Դրական տեղաշարժեր կան նաև կաթիլային ոռոգման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրում։ Եթե 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում 146 հա կաթիլային համակարգ է ներդրվել, այս տարվա մի քանի ամիսների ընթացքում արդեն 112 հեկտարի համար վարկային համաձայնագրեր են կնքվել, քննարկման փուլում են գումարի հետվերադարձի համար նախարարություն ներկայացված մի շարք դիմում-հայտեր»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով` տեղական սերմնաբուծությունը խթանելու նպատակով հանրապետության տարբեր գոտիներում արդեն իսկ ստեղծվել են տնկարաններ և խնդիր է դրվել 2023 թվականին հանրապետության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ ոլոռի, սիսեռի և ոսպի սերմացուների պահանջարկը բավարարել տեղում արտադրված սերմացուների հաշվին:
Պետրոսյանը նաև հոդորել է այգեգործներին պայքարի միջոցներ ձեռնարկել նաև սնկային հիվանդությունների դեմ, որոնց զարգացմանը նպաստում են մայիս ամսվա բարձր ջերմաստիճանը և կարճատև տեղումները։
«Հատկապես ծիրանենու մշակությամբ զբաղվող այգեգործներին ուզում եմ հորդորել, որպեսզի լրացուցիչ միջոցառումներ իրականացնեն ծակոտկեն բծավորության դեմ, որովհետև այդ հիվանդության նշաններն արդեն կան և բուռն զարգացման դեպքում մենք կկորցնենք պտղի ապրանքայնությունը, և դրանք արտահանման համար պիտանի չեն լինի», - հավելել է փոխնախարարը: