Օրենսդիրն ու գործադիրն իր ձեռքում կենտրոնացրած անձն ուզում է նույնն անել նաև դատական իշխանության հետ. ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի որդի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքս Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։
«Ըստ ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, իսկ արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Հասարակության մեջ կա ընկալում, որ միջամտությունը միայն կարող է լինել զանգի տեսքով, սակայն դա բնավ այդպես չէ: Երբ գործադիր (ու դե ֆակտո նաև օրենսդիր) իշխանության ղեկավարը, կոչ է անում փակել Հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը՝ կաթվածահար անելով դատական իշխանության գործունեությունը, ակնառու է, որ նա խոչընդոտում է հանրապետության մակարդակով արդարադատության իրականացումը: Չեմ պատկերացնում սրանից ավելի մեծ միջամտություն արդարադատության իրականացմանը: Չեմ ուզում անգամ անդրադառնալ իրավական հետևանքներին, որոնք կառաջանան այս միջոցառման հետևանքով: Դրանց արձագանքները դեռ երկար ենք լսելու:
Ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, իսկ համաձայն ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի՝Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Հիմա ինչ ունենք: Անձը՝ ով իր ձեռքում կենտրոնացրել է օրենսդիր ու գործադիր իշխանությունները, ուզում է նույնն անել նաև դատական իշխանության հետ: Մի խոսքով, վաղվա միջոցառումը հղի է իշխանությունների ամբողջական միաձուլման վտանգով: Այս հատկանիշն, ի դեպ, բնորոշ է կարծր ավտորիտար ռեժիմի որոշ նախագահական և/կամ կիսանախագահական կառավարման համակարգերին: Այսինքն ամեն ինչ գնում է դեպի ՀՀ Սահմանադրության 2-րդ և 4-րդ հոդվածների խախտման, ինչը իմ կարծիքով սահմանադրական կարգի տապալման հատկանիշներ է պարունակում իր մեջ:
Հ. Գ. Ըստ ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Արդյո՞ք Հանրապետության նախագահը ասելիք չունի այս առիթով: Ի վերջո, 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին շատ նման իրավիճակում նա լուռ էր»,-գրել է ԱՄՆ Ջորջթաունի, Ֆրանսիայի Ժան Մուլան Լիոն համալսարաններում ուսանած Ալեքս Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան