Չենք սպասելու «Սանիթեքին», մենք ևս բերելու ենք աղբամաններ. Մարության
«Աղբահանության լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման, մինչդեռ այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա»,- քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրված խորհրդակցությանն անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության գործընթացին։
Քաղաքապետը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում աղբահանության ներկայիս ոչ բարվոք վիճակը նաև աղբամանների քանակի հետ է կապված: Քաղաքապետը նաև հանձնարարել է մշտական աշխատանքներ տանել աղբամանների լվացման ուղղությամբ:
«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ: Մենք ևս բերելու ենք աղբամաններ, մենք ապահովելու ենք ծառայությունների մատուցման բարձր որակ: Չնայած նրան, որ սա ձեր պարտականությունն է»,- նշել է Հայկ Մարությանը:
Հայկ Մարությանն անդրադարձել է նաև շինարարական աղբի տեղափոխմանը և հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ քրոնիկ վայրերում և շինաղբ տեղափոխող մեքենաներին ուղղորդել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չվերածվեն շինարարական աղբակույտերի:
«Պարզ է, եթե չեն տանում Նուբարաշեն, ուրեմն ինչ-որ տեղ թափում են: Հիմա շինարարության սեզոնը սկսվել է, մեծ քանակությամբ աշխատանքներ են կատարվում, և տարբեր վայրերում առաջանում են նոր շինաղբի կետեր: Կան շինարարական աղբով լցված տարածքներ, որոնք շուրջ 20 տարվա պատմություն ունեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ ամեն ինչը մաքրելու համար, բայց միևնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ նորից կուտակումներ լինեն, և պետք է շատ կոշտ լինենք այս հարցում: Մենք չենք ասում ինչ-որ գումար վճարեք, պարզապես ասում ենք՝ շինարարական աղբը տեղափոխեք Նուբարաշենի աղբավայր»,- նշել է քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները
- Քաղաքապետարան. «Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի
- Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան