Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Հիմնադրամից հայտնում են, որ մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։
Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է հետևյալ միջոցառումները՝
Մայիսի 21-ին՝ Փարիզի ժամանակով 11:15-ին, Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում կբացվի հուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, քաղաքային իշխանությունների, նշանավոր անձանց և, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամների ներկայությամբ։
Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։
Տոնակատարությունը համերգային ձևաչափով կշարունակվի Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 17:00-ից կսկսվի համերգ՝ նվիրված Ազնավուրի տարեդարձին։
Համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին