Թբիլիսիում նշվել է Վարդատոնը
Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվել է աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն 2019»-ը, որի մեկնարկը տրվել է տիկնիկային ներկայացմամբ: Սայաթ Նովային նվիրված միջոցառումն անցկացվում էր Թբիլիսիի Մեյդան թաղամասում։ Թբիլիսիի տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ տոնը սկսվել է տիկնիկային «Կար չկար մի Սայաթ Նովա կար» բեմադրությամբ։
«Լավ ավանդույթ է, որ արդեն մի դարից ավել է պահպանվել է Թիֆլիսում, որոշակի փոփոխություններ կարծում եմ հարկավոր են ամեն դեպքում, և մյուս տարիների ընթացքում նույնպես մտածում եմ ինչ-որ բան պետք է փոխել, թեկուզ այն նշելու ժամանակը, որովհետև այս օրերին արդեն շատ շոգ է», – Jnews-ի հաղորդմամբ՝ ասել է «Վիրահայերի միության» ղեկավար Մարի Առաքելովան։
Վարդատոն ավանդական միջոցառումն այս տարի ևս անցկացվել է «Վիրահայերի միություն» կազմակերպության կողմից, Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս տարվա գործընկերների շարքում էր նաև Երևանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնը:
«Սա հայերի տոնն է, սա վրացիների տոնն է, ես այն շատ ողջունում եմ։ Արդեն 105 տարի մենք նշում ենք Վարդատոնը», – իր խոսքում նշել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։
Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով: Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։