Վենետիկում ներկայացվում են Արշիլ Գորկու աշխատանքները
Իտալիայում՝ Վենետիկի Պեզարո պալատում, առաջին անգամ բացվել է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904–1948 թթ.) մեծ ցուցահանդեսը։ Ներկայացված 80 աշխատանքերն Իտալիա են տարվել աշխարհի լավագույն թանգարաններից՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, Նյու Յորքի Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Փարիզի Պոմպիդո կենտրոն, Երուսաղեմում Իսրայելի Ազգային թանգարան, նաև մասնավոր հավաքածուներից։ Վենետիկ են տարվել լավագույն աշխատանքները՝ 1920-ականներին Սեզանի ազդեցությամբ արված դիմանկարներից մինչև աբստրակ «պեյզաժներ», որոնք ստեղծել է 1942-1945 թվականներին։
theartnewspaper.ru-ի հաղորդմամբ, ցուցադրության գլխավոր նկարը Վաշինգտոնից տարված աբստրակտ էքսպրեսիոնիզմի դասական օրինակ One Year the Milkweed-ն է (1944)։ Այս բնութագրման հեղինակը սյուռեալիզմի հայր և Գորկու ընկեր տեսաբան Անդրե Բրետոնն է, որը նկարչի մեթոդն անվանել է «հիբրիդային»։ Նա և նրա հետևորդները կարծում են, որ նման նկարչությունը բացահայտում է մարդու թաքնված խնդիրները։ Գորկին շատ խնդիրներ ուներ. հրդեհը արվեստանոցում, անբուժելի հիվանդությունը, ավտովթարը և ձեռքի վնասվածքը, որը զրկել էր նրան աշխատելու հնարավորությունից, ինչն էլ բերել էր նրան, որ նկարչն ինքնասպպանություն էր գործել։
Ցուցահադեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը։
Արշիլ Գորկին ծնվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքիհամաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։
1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան