Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում, երբ ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ադրբեջանում ու Հայաստանում գտնվող անձանց՝ բոլորը-բոլորի դիմաց փոխանակելուն։
«Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի բոլորը-բոլորի դիմաց սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որ արդարացնում է անպատժելիությունը և նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային ու մարդասիրական իրավունքի խախտումները։ Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունը արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների։ Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների հերոսացումն ու դրանց կատարողների պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է և մենք ականատես ենք եղել դրան, երբ մարդասպանության մեջ դատապարտվածը արտահանձնվելուց հետո ուղղակի հերոսացվել է միայն նրա համար, որ հայ էր սպանել։ Մեր հիմնական նպատակն է, որպեսզի մենք կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ խոսքը վերաբերում էր 2014թ․-ին Լեռնային Ղարաբաղում դատապարված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևին, ովքեր մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահաս Սմբատ Ցականյանի առևանգման ու սպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Ադրբեջանը տարբեր հարթակներում, հատկապես ԵԽԽՎ-ում, մշտապես բարձրացնում է նրանց ազատ արձակման հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Արցախը բազմիցս հայտարարել է, որ չի վարում բանակացություններ՝ Ասկերովին և Գուլիևին փոխանակելու շուրջ
- Վիկտոր Քոչարյան. Գուլիևն ու Ասկերովը դիվերսանտներ են, ոչ թե գերիներ
- Հրապարակել է ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը
- Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը