ՀՅԴ ԳՄ. Ստեղծված իրավիճակի և հետևանքների պատասխանատվության հասցեատերը իշխանություններն են
ՀՅԴ Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները.
- Տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը։
-Քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը, Հայաստան-Արցախ միասնությունն ու մեր պաշտպանական համակարգը։
- Վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները։
-Ըստ էության չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն։
-Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։
Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։
Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։
Դաշնակցությունը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։
Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները»։
Հարակից հրապարակումներ`
- Հրատապ, ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում
- Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- ՀՅԴ. Երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի
- Ոստիկանություն. Հրանտ Մարգարյանի վրա հարձակման մասին ահազանգը ստուգվում է
- Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
- ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել