Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է. առաջատարը կոնյակն է
2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է։ Խմիչքների արտադրության ծավալով առաջատար է կոնյակը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 8 մլն 326.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.2%-ով։ 2017 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 6 մլն 346.5 հազ. լիտր կոնյակ:
Պաշտոնական տվյալներով, հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում 3.4%-ով ավելացել է գինու արտադրությունը՝ կազմելով 2 մլն 264.7 հազար լիտր։
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 9.9%--ով և կազմել 110.8 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է նաև 850.8 հազար լիտր օղի՝ 2018թ-ի հունվար-մարտի համեմատ աճելով 7.1%-ով: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 794.6 հազար լիտր օղի:
Այս տարվա առաջին եռամսյակում աճել է նաև գարեջրի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մարտին արտադրվել է 3 մլն 764.1 հազար լիտր գարեջուր` 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26%-ով:
Ինչ վերաբերում է վիսկիի արտադրությանը, ապա այստեղ արտադրության ծավալները նվազել են։ Մասնավորապես, հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 135 հազար լիտր վիսկի՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 15.4%-ով: