ԱԳ նախարարը մեկնում է Բիշքեկ
Այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում նրանք, որոնք առնչվում են կառույցի գլխավոր քարտուղարի նշանակմանը, գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հարցին, որ վերջերս տեղեկություններ տարածվեց, որ 2020թ․-ի հունվարից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործառույթները փոխանցվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին, ով հայտնի է իր ադրբեջանամետ գործունեությամբ, ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն կոնկրետ թեկնածուի վերաբերյալ, Աննա Նաղդալյանը նշեց, որ սա կարող ենք ենթադրել, բայց ոչ պնդել, քանի դեռ չկա համապատասխան որոշում։
«ՀԱՊԿ-ը ղեկավարվում է անդամ պետությունների, Հավաքական անվտանգության խորհրդի կողմից։ Այն ներկայացնում է անդամ պետությունների շահերը, իսկ գլխավոր քարտուղարը հանդիսանում է այդ պետությունների սպասարկող քարտուղարության վարչական ղեկավարը, որը պատասխանատու է, որպեսզի ապահովվի քարտուղարության բնականոն գործունեությունը և համակարգի տեղում գործող մարմինների աշխատանքը։ Այդ առումով, մենք գլխավոր քարտուղարրի թեկնածությունը գնահատում ենք, թե որքանով է նա կարող կառավարել։ Որոշումները կայացվում է միայն անդամ պետությունների կողմից և միայն կոնսենսուսի հիման վրա։ Մենք կոնկրետ թեկնածուի առաջադրման դեպքում գնահատելու ենք, թե նա ինչպես է սպասարկելու անդամ երկրներին, ինչպես է կարողանալու ապահովել քարտուղարության գործունեությունը։ Մենք այժմ այս փուլում չենք»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ մայիսի 25-26-ին Հայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը, որի ընթացքում նախատեսվում է պայմանագրերի ստորագրում։ Մայիսի վերջին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հունիսին Բրյուսելում կայանալու է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության երկորորդ նիստը, որը վարելու են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան