Կատեգորիկ արգելվում է հավաքներ դատարանների տարածքում. սահմանադրագետ
«Եթե քաղաքական ակցիաները թույլատրելի են օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ՝ ճնշում գործադրելու առումով, ապա նմանատիպ ակցիաները անթույլատրելի են դատական իշխանության նկատմամբ, քանի որ այն ապաքաղաքական մարմին է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ «Սահմանադրական իրավունքի» ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
Սահմանադրագետի խոսքով՝ այս ակցիան, բնականաբար, քաղաքական բնույթի էր և, բնականաբար, ոտնահարում էր թե օրենսդրության, թե Սահմանադրության շատ նորմեր, բայց ճիշտ չէ ասել, թե սահմանադրական կարգի տապալում էր։
«Դատական իշխանության առումով քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանն ու դատարանի գործունեությանը խոչընդոտելու ցանկացած ձև քրեորեն պատժելի արարք է։ Ազատ հավաքների մասին օրենքը ևս կատեգորիկ արգելում է հավաքներ դատարանների տարածքում, որպեսզի չխաթարի նրանց բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը պետք է լինի իշխանության երեք թևերի ներդաշնակությունն ու համագործակցությունն ապահովելու համար»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով՝ ելնելով խորհրդարանական ձևի առանձնահատկությունից, նմանատիպ երևույթներից խուսափելու ու իրավիճակը շտկելու համար գոյություն ունի նախագահի ինստիտուտը։
«Այստեղ հանրապետության նախագահը պետք է իր դերակատարությունն ունենա, բայց հանրապետության նախագահի հայտարարությունը խնդրի լուծում համարել չէր կարելի, այն ընդամենը ամորֆ հայտարարություն էր»,- ասաց Վարդան Այվազյանը։
Անդրադառնալով դատավորի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կասեցմանն ու ՍԴ դիմելուն՝ ասաց. «Եթե ՍԴ-ն այդ դրույթը ճանաչի հակասահմանադրական, ապա հետևանքը լինելու է այն, որ սահմանադրական կարգի տապալման հիմքով Քոչարյանի և մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանքը կհանվի։ Իսկ եթե ոչ, և մեղադրական կողմի, և դատարանի համար շատ ավելի պարզ կլինի գործի հետագա ընթացքը վարելը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանների հետ կապված գործողությունները թոզ փչել էր. Ենոքյան
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
- Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց