Արտակ Զեյնալյանը չբացառեց, որ աշխատանքից հեռացող դատավորներ լինեն
«Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները։ Սա քաղաքական գործընթաց էր, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»,- Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործընթացի մեկնարկն ազդարարող միջոցառումից հետո լրագրողների հետ զրուցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավաբանական տեսանկյունից իրավունք ունե՞ր հորդորելու ժողովրդին փակել դատարանները։
Հարցին, եթե ձեզ համար դատարանների մուտքերն ու ելքերը փակելու երեկվա գործողություններն ընդունելի չլինեին, որպես արդարադատության նախարար հրաժական կներկայացնեի՞ք, Ա. Զեյնալյանն ասաց. «Եթե... ապա... կարծում եմ տեղին չէ, չեմ պատասխանում այդ հարցին»։
Կոնկրետ հարցի՝ այս պահին ձեր՝ հրաժարականի հիմքեր տեսնո՞ւմ եք, նախարարը կարճ պատախանեց՝ ոչ։
Խոսելով վարչապետի երեկվա հայտարարության՝ դատաիրավական ոլորտի առողջացման, մասնավորապես վեթթինգի ինստիտուտի ներդրման մասին, նախարարն ասաց, որ դատական համակարգում և դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ ու դրանք շուտափույթ լուծման կարիք ունեն, դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Նա նշեց, որ աշխարհում վեթթինգի կուտակված փորձ կա, կան միջազգայնորեն ընդունված մասնագիտական չափանիշներ, որոնք վերցվելու են ու տեղայնացվելու, իրականացվելու է Սահմանադրությանը և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին համապատասխան։
«Չի խախտվելու խտրականության արգելքի սկզբունքը դրա բոլոր դրսևորումներով, դատավորը չի թիրախավորվելու։ Նրանք, ովքեր չեն համապատասխանի այդ չափանիշներին, կազատվեն զբաղեցրած պաշտոնից»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավորի չի թիրախավորվելու, որևէ դատավոր չի հետապնդվելու կոնկրետ գործով, նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված չէ։ Ա. Զեյնալյանը նշեց, որ հրատապ անհրաժեշետության կարիք կա։ Նախարարն ասաց, որ վեթթինգն անցումային արդարադատության հետ առնչություն չունի, բացարձակ տարբեր բաներ են, անցումային արդարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը, հետապնդման, վրեժի գործիք չէ։
Ա. Զեյնալյանի խոսքով, եթե Սահմանադրությունը թույլ չի տա կատարել գործողություններ, կամ կլինեն ցանկալի գործողություններ, որոնք կհակասեն Սահմանադրությանը, հետևաբար նաև առաջ կքաշվի Սահմանադրական հանրաքվեի հարց։
Նա չբացառեց, որ վարչապետի երեկվա ելույթից հետո աշխատանքից հեռացող դատավորներ լինեն. «Այն քաղաքական ուղերձ էր, կոչ էր այն դատավորներին, ովքեր կգտնեն, կգնահատեն, որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ վերաբերմունք, քան Հայաստանի Սահմանադրությամբ է ամրագրված, բխում է մարդու բնական իրավունքներից»։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը, Ա. Զեյնալյանն ասաց. «Այդ որոշմանը վիճարկելու վերաբերյալ լսել եմ հայտարարություն տուժող կողմի ներկայացուցչի անունից, հետևաբար գնահատական չեմ կարող տալ, ինքս ծանոթ չեմ գանգատին, որ կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը, անհրաժեշտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Կատեգորիկ արգելվում է հավաքներ դատարանների տարածքում. սահմանադրագետ
- Դատարանների հետ կապված գործողությունները թոզ փչել էր. Ենոքյան
- Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է հնարավոր հետևանքների մասին
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
- Քաղտեխնոլոգ. Տեղի է ունեցել վարչապետի վարկանիշի կտրուկ անկում
- Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյան
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի մոտեցումները պետականակործան են և հակաիրավական
- Փաշինյանը կամ պարանոյիկ է կամ պայմանավորվածություն ունի տարածք հանձնելու
- Ստեփան Դանիելյան. Գործող իշխանությունն իրեն պահում է ապստամբի նման
- Փաշինյանը՝ ուղիղ եթերում