Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար. վարչապետ
Կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում հանրապետությունում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծեն, զուտ իրավական է, որպեսզի քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան, և նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանվեն։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հանքարդյունաբերության ոլորտին՝ հիշեցնելով, որ լրացումներ ու փոփոխություններ են կատարվել «Ընդերքի մասին» օրենքում, որի նպատակն է կարգավորել ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:
Վարչապետը հայտնեց, որ օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի արտահանման 90 տոկոսը խտանյութն է: «Սա մեծ պրոբլեմ է, ինչը նշանակում է, որ մեր պետությունն այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ կառավարությունը քննարկումներ, բանակցություններ է տանում, մի քանի ներդրումային առաջարկներ կան: Հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկն իրականություն կդառնա։ Մենք համենայնդեպս դրա համար կանենք ամեն ինչ»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ռազմարդյունաբերությանը՝ նշելով, որ ռազմական ծախսերը բյուջեում ծանրակշիռ տեղ ունեն։ «Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, որ մենք պետք է այնպես անենք, որ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն մեր տնտեսության համար: Մենք Հայաստանում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի խնդիրը պետք է լինի այն, որ փորձենք մեր ունեցած հենքի վրա կառուցել այնպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք մեր ԶՈւ-ին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել։ Սակայն մեր նպատակակետը պետք է լինի նաև արտահանումը»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև որ Հայաստանում չպետք է լինեն այնպիսի երևույթներ՝ սկսած քաղաքական համակարգից, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, ոչինչ չի փոխվի և այլն:« ՀՀ-ում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է: Սա այն ֆենոմենն է, որն իր հետևից բերում է աղքատություն, հուսահատություն, երկրում երբեմն փախեփախի մթնոլորտն է ձևավորվում: Այս մտածողությունը փոխելը մեր մեծագույն խնդիրն է, և սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, քանի որ քաղաքական մակարդակում մենք կարողացել ենք սա անել, տնտեսական վարքագծի փոփոխությունն էլ պետք է բերի տնտեսական փոփոխությունների»,- ընդգծեց նա։
Վարչապետը նշեց նաև, որ այսօր աշխարհի բոլոր առաջատար ընկերությունները փնտրում են տաղանդներ, և Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. «Ես հավատում եմ, համոզված եմ, որ մենք հասնելու ենք դրան։ Դրա համար մեզ պետք է հետևողականություն, աշխատասիրություն, համբերություն, ինտելեկտուալ աշխատանք»։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է. Տիգրան Խաչատրյան
- Ո՞ւր է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը
- Հայաստանի գիտական հանրությունը պետք է ներգրավված լինի երկրում կատարվող պրոցեսներում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում