30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում. ՎիվաՍել-ՄՏՍ
Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին: Սպիտակում, 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանները հայտնվել է գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ Սերյոժան 88-ի երկրաշարժից ոչինչ չի հիշում. այդ ժամանակ նա երեք տարեկան է եղել: Ավերված տան, հոր և եղբոր կորստի մասին գիտի մոր պատմություններից: Ավելի քան 30 տարի՝ վաղ մանկությունից, վագոն-տնակում է ապրում: Երկու երեխայի հայր դարձած երիտասարդը փորձել է լուծում գտնել. գլանաձև վագոնին ավելացել է ևս մեկը, սակայն մետաղյա տարածքը մնացել է ճնշող ու ապրելու համար անընդունելի: Վագոն-տնակում այժմ ապրում են 5 հոգով:
Սերյոժան երազում է կառուցել իր մանկության տունը: Տարիներ առաջ, նույն տարածքում շինարարական աշխատանքներ է նախաձեռնել: Նպատակն իրականացնելու համար՝ ստիպված է եղել բազմիցս արտագնա աշխատանքի մեկնել: Սեփական ձեռքերով, բարեկամների և ընկերների աջակցությամբ, տարիների ընթացքում նրան հաջողվել է կիսով չափ կառուցել տունը: Ավելին անել չի կարող՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը», մինչև տարեվերջ կիրականացնեն լոռեցի ընտանիքի տարիների երազանքը: Սահակյաններն ընդգրկվել են ընթացիկ տարվա ծրագրում:
«Տարիներ շարունակ, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, ձգտել ենք լավ օրվա հույս վերադարձնել 150-ից ավելի ընտանիքի: Մարդիկ տարբեր են իրենց կյանքի պատմություններով, ապրում են տարբեր մարզերում, տարբեր պատճառներով հայտնվել են դժվար վիճակում, բայց ունեն նույն խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգևորել է ոչ պակաս, քան ծրագրից օգտվողներին: Երբ ազդարարեցինք այս տարվա մեկնարկը, աջակցելու լուրը շահառուներից մեկին հայտնեցինք անակնկալ հեռախոսազանգով: Այս ընտանիքի էլ դիմում եմ հեռուստատեսության միջոցով. ամուր եղեք: Մինչև տարեվերջ, մեր գործընկերների հետ, իրականություն կդարձնենք նաև տարիների՝ ձեր երազանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան