Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց:
Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ այս և առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում` մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Ես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվություն այս համընդհանուր բարեփոխման համար` ձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգը, ասել, որ եթե Ձեր դպրոցում տեղերը սպառված են, ուրեմն պետք է դիմել հարևան դպրոց, որտեղ ազատ տեղեր կան: Պետք է ընդունել, հասկանալ, որ այս համակարգով անհատական մոտեցումը, հատուկ վերաբերմունքը որևէ մեկի նկատմամբ բացառվում է: Սա պետական անշրջելի քաղաքականություն է»:
Նրա խոսքով` վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել` տարբեր պատճառաբանություններով: Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել և յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել` ակնկալվող 13 հազարից: Խնդիրներ առաջացել են 0,7-1 տոկոսի մոտ: Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում քննարկվում են և կտրվեն հստակ լուծումներ: Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը. «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ և խաղաղ չեմ եղել, որքան այս տարի: Մենք առցանց ընդունելության հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել և անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը` այս համակարգի ներդրման համար»,- իր խոսքում նշել է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայտագրումից հետո փաստաթղթերը դպրոց ներկայացնելու ժամկետները
- ԿԳՆ-ն ունքը սարքելու տեղը աչքը հանեց
- Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցումը կարելի է սկսել մայիսի 15-ից