«Ժողովուրդ». Միջազգային կառույցները իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, և դատարանների շենքերը շրջափակելու կոչին հաջորդած ակցիայից հետո մտավախություն կար, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, բացասաբար կընդունեն կատարվածն ու կոշտ կարձագանքեն: Նախկին իշխանություններն այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրին` միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա: Տեղի ունեցավ հակառակը:
Միջազգային կառույցները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ՀՀ-ում ԵՄ դեսպանը, իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը և շեշտել այդ գործընթացում ՀՀ սահմանադրությանը համահունչ գործելու անհրաժեշտության մասին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց. «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: ԵԽԽՎ համազեկուցողները շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ ասել է, որ պատրաստակամ են «աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»: Փաստորեն, իշխանություններն ունեն քաղաքական աջակցություն, բայց, նկատենք, ոչ պակաս կարևոր է ֆինանսական աջակցությունը. ի վերջո, նման լրջագույն խնդիրներն ինքնուրույն լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: