Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը կկայանա, խնդիրները վերացված են
Մայիսի 26-ին ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երևանյան «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագծից առաջ խնդիրներ էին առաջացել, ինչը պարզաբանելու համար այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել, որի ընթացքում կազմակերպիչները պարզաբանումներ ներկայացրեցին։
Հիշեցնենք, որ համերգը կազմակերպվել էր մասնավոր ընկերությունների կողմից, սակայն հետո որոշվեց, որ պետք է անցկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։
Ասուլիսին ներկա Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյան հայտնեց. «Քանի որ դիմել էին վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի հովանու ներքո անցկացնելու համար, մեզ՝ նախարարություն էին ուղարկել գրություն՝ կարծիք հայտնելու համար, մենք դրական կարծիք տվեցինք, որը վերաբերում էր միայն համերգի գեղարվեստական մասին։ Բայց այնպես ստացվեց, որ երեկ ես ահազանգ ստացա, որ համերգը չի կայանալու, քանի որ կան խնդիրներ։ Իմ գնահատմամբ այդ խնդիրները վատ մենեջմենթի, սխալ հաշվարկների հետևանք էին։ Ես ստիպված էի միջամտել, հրավիրել կազմակերպիչ երկու կողմին էլ ու երկար բանակցությունների արդյունքում կարողացանք հասնել այն բանին, որ համեգը կկայանա»։
Ղարիբյանի խոսքով՝ այս խնդիրը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն բացը, որ կա մշակութային դաշտում օրենսդրական առումով. «Շատ արագ պետք մշակել կատարողական արվեստի մասին օրենքը, հատկապես այն պահը, որը վերաբերում է համերգի կազմակերպմանը, լիցենզավորմանը»։
Ֆրանսիայից արտիստներին Հայաստան բերող «Շահբազյան գրուպ» ընկերության ներկայացուցիչ Աննա Կարոլինան նշեց, որ իրենք հայկական կողմից համերգը կազմակերպող «ArmCentre Group»-ից դեկտեմբերին ստացել են առաջարկ, որպեսզի Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին Հայաստանում ներկա լինեն ֆրանսիացի արտիստներ. «Ընկերության հետ համաձայնության գալով՝ կնքեցինք պայմանագիր, եկանք Հայաստան ապրիլին, որպեսզի կազմակերպչական մյուս հարցերով զբաղվենք։ Սակայն այստեղ և ֆինանսական, և տեխնիկական խնդրի բախվեցինք, և իրավունք ունեինք համերգը չեղյալ հայտարարելու, բայց քանի որ համերգը նվիրված էր մեր շանսոնյեի ծննդյանը, փորձեցինք տարբեր միջոցներով այս համերգը կյանքի կոչել։ Եվ բարեբախաբար շատ շուտ թե կառավարության, թե մշակույթի նախարարության միջոցով հարցերը լուծվեցին»։
Նրա խոսքով՝ խնդիրները եղել են հիմնականում ֆինանսական, և ֆիլհարմոնիկի գումարները վճարված չէին, և Մարզահամերգային համալիրի գումարները վճարված չէին ու մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք կարող էին հանգեցնել նրան, որ համերգը չկայանար. «Կազմակերպությունը մեզ հասանելիք գումարի մոտավորապես 60 տոկոսը վճարել էր, բայց մնացած մասը մնացել էր։ Հարցը երեկ քննարկվեց ու լուծվեց՝ կառավարության ու մշակույթի նախարարության կողմից»։
Նազելի Ղարիբյանը հավելեց, որ գումարային ընդհանուր բացը մեծ էր, բանակցությունների արդյունքում իջեցվեց մինչև 18,5 մլն դրամի, որից 8,5 մլն դրամը տրամադրել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ 10 մլն-ը փոխանցում է կառավարությունը. «Տոմսերի վաճառքից մնացաշ գումարի 1/3-ը կփոխանցվի հիմնադրամին»։
Նշենք, որ տոմսերի գումարը 5-50 հազար դրամ է կազմում։ Մասնակիցները նշեցին, որ տոսմզերի շուրջ 50 տոկոսն է վաճառվել։
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ ամեն ինչ հարթվել է և պատվով պետք է նշեն մեծն շանսոնյեի ծննդյան օրը։
Համերգի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանն էլ հավելեց, որ համերգը կկայանա այնպես, ինչպես որ նախօրոք խոստացվել էր հանդիսատեսին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին