Գազարը թանկ է, հարկավոր չէ
Տևական ժամանակ է՝ գազարը խանութներում վաճառվում է 400-450 դրամ։ Քաղաքացիները չեն հիշում, մեկ էլ երբ է գազարն այդքան թանկ եղել։
Պակասը լրացնելու համար բացի Իրանից, բանջարեղենը սկսել են ներկրել նաև Իսրայելից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան ներկրվել է 1.512.960 կգ գազար։
Իսրայելից ներկրվել է 59.900 կգ, Իրանից՝ 1.451.945կգ ՀԱՀ-ից՝ 4կգ, Նիդերլանդներից՝ 10կգ, Ուզբեկստանից՝ 100կգ, Վրաստանից՝ 1000կգ, Ֆրանսիայից՝ 15կգ»,-մանրամասնեց տեսչական մարմնի մամուլի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
Համեմատության համար նշենք, որ 2018-ի առաջին չորս ամիսների համեմատ ներկվել է ավելի քիչ գազար։ 2018-ի հունվար-ապրիլին Հայաստան Ռուսաստանից, Իրանից, Իսպանիայից, ՀԱՀ-ից, Նիդերլանդներից բերվել է 2.300.242 կգ գազար, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 1.174.530 կգ, միայն Իրանից։
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գազար ներկրելու փաստը խոսում է այն մասին, որ այլ երկրներում գազարը թանկ է։
«Եվ արտահանելու, և ներկրելու հարցում հիմա որևէ խնդիր չկա։ 2-3 օրվա ընթացքում տնտեսվարողների կողմից շուկային շատ արագ արձագանքը լինում է։ Եթե Հայաստանում կա պահանջարկ ու գազար չի բերվում, դա նշանակում է, որ այլ երկրներում ավելի բարձր է գինը կամ էլ չկա այն որակը, որը կարող է մեր շուկայում պահանջարկ ունենալ»,-Panorama.am-ին ասաց նախարարության պաշտոնյան։
Նա բացառում է նաև այն տարբերակը, որ հայ գյուղացին ունի մթերած գազար ու առայժմ դուրս չի բերում շուկա, եթե նույնիսկ կա որոշ քանակություն ու շուկա չի հասնում, ըստ փոխնախարարի, ուրեմն այն ցածրորակ է ու ապրանքային վատ տեսքով։
Գազարի պակասը կանխատեսելի էր Պետրոսյանի համար, քանի որ դեռ նախորդ տարվա սկզբին գիտեր, որ Հայաստանում ցանաքատարածությունը նվազել է։
2017-ին, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազարի ցանքատարածությունները կազմել են 863 հա, ստացվել է 18.7 հազար տոննա բերք։
«Իսկ արդեն 2018-ին ցանքատարածությունները կազմել են 777 հա, բերքը եղել է 16.7 հազար տոննա։ Քանի որ բերքի նվազում է գրանցվել, դա չի կարող չազդել գնի վրա»,-ասաց Պետրոսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը նախապես կանխատեսումներ չի անում ու գյուղացիական տնտեսություններին խորհուրդ տալիս, թե տվյալ գյուղատնտեսական տարվա ընթացքում ի՞նչ մշակեն հողօգտագործողները։
Փոխնախարարն այս առումով նշում է, որևէ մեկը նման պատասխանատվություն չի ստանձնի։
«Ենթադրենք, խորհուրդ ենք տալիս, որ Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում, նաև հարթավայրային գոտիներում կարտոֆիլ աճեցնեն՝ հաշվի առնելով միջին բերքատվությունն ու սպառումը։ Ովքե՞ր են լսելու մեր հորդորը, մենք պարտադրելու որևէ իրավունք չունենք։ Մեկը հազար մետր է մշակում, մեկը 10 հա, ո՞նց եք պատկերացնում այդքան կորդինացումը։ Կամ ասենք, բնակլիմայական պայմանները լավ եղան, մեր կանխատեսած բերքից 50 տոկոսով ավելի եղավ, կամ հակառակը, եղանակը վատ եղավ, բերքը քիչ եղավ, ո՞վ պետք է պատասխանատվությունը ստանձնի, ի՞նչ կարող ենք անել էդ ավել ապրանքի հետ»,-ասաց նա։