Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի պատին բացվել է մեծ արտիստի հուշատախտակը
Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում։
Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպել էր երկու նշանակալի միջոցառում։
«Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ մայիսի 21-ի առավոտյան՝ Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում՝ Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36, բացվել է մաեստրոյի հուշատախտակը։ Փարիզ ժամանելուց հետո հենց այս հասցեում է բնակություն հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և այստեղ էլ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։
Հուշատախտակի բացման միջոցառմանը մասնակցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ազնավուր ընտանիքի անդամները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մեծ արտիստի երկրպագուները։
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ողջունել է ներկաներին և ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետին և քաղաքային իշխանություններին՝ միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար համար։
«Վաղը մենք նշելու ենք իմ հոր ծննդյան 95-ամյակը, սակայն մենք փառաբանում ենք նրան յուրաքանչյուր օր։ Մեր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է պահպանել Շառլ Ազանվուրի մշակութային և մարդասիրական գործունեությունն ու ժառանգությունը, փառաբանել և վառ պահել նրա հիշատակը։ Հուշատախտակի բացումը Մսյո լը Պրենս փողոցում նշանավորում է միջոցառումների շարքի մեկնարկը, որոնք կազմակերպվելու են ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն իր խոսքում նշել է. «Փարիզը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրին: Նա մեր քաղաքի սիրելի զավակներից է, մեր քաղաքի, որ սիրում է բոլոր նրանց, ովքեր եկել են տարբեր վայրերից և կրողն են մեծահոգության և մարդկանց առաջ բաց լինելու իր արժեքների»։
Փարիզի քաղաքապետը նաև նշել է, որ «այլ անակնկալներ են սպասվում՝ նշանավորելու Շառլ Ազանվուրի ներկայությունը Փարիզում»։ Նա շնորհակալություն է հայտնել «Ազնավուր» հիմնադրամին՝ արտիստի հիշատակին նվիրված միջոցառումները նախաձեռնելու համար։
Տոնակատարությունը համերգային ձևաչափով շարունակվել է Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում։ Համերգին ելույթներով հանդես են եկել Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
- Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
- Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
- «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը»
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին