Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունները (լրացվում է)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները ինստիտուտի շենքի ներսում բողոքի ակցիա են իրականացնում, բոյկոտում են ռեկտորի ընտրությունները։ Ուսանողները պահանջում են այլընտրանքային թեկնածու։ Ուսանողները լրատվամիջոցների հետ զրուցում նշեցին, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ:
Բուհի մուտքի մոտ նաև ոստիկաններ կան, որոնց ուսանողները չեն թողնում ներս մտնել։ Թատերականի շենքում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը փորձեցին դուրս գալ շենքից, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նրանց թույլ չտվեցին:
Հիշեցնենք, որ այսօր բուհում կայացած խորհրդի նիստում թատերականի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը։
Ուսանողների հետ հանդիպման եկած Լիլիթ Արզումանյանն ասաց, որ իրենցից ոչ մեկ ոստիկանություն չի կանչել։
«Հավատացեք, ես նախարարի մարդը չեմ, չկա այդպիսի բան։ Ես ընտրվել եմ օրենքի կարգին համապատասխան։ Հիմա ես այլևս ոչինչ չունեմ ձեզ ասելու՝ բացի խոստանալուց, որպես ռեկտոր, ձեզ հետ ամենաջերմ, ամենակառուցողական հարաբերություններ ունենալը։ Սրանից ավելի այսօր ոչինչ խոստանալ չեմ կարող»,- ասաց նա։
Բուհի ողջ ուսանողության անունից ելույթ ունեցող երիտասարդն էլ ասաց. «Դուք հիմա ընտրվել եք, և ըստ օրենքի կարող եք հրաժարվել և նորից անցկացվեն ընտրություններ, քանի որ ուսանողության մեծամասնությանը դեմ է այն ամենին, ինչ որ կատարվել է։ Թող նորից հայտարարվի ընտրություններ՝ մի քանի թեկնածուներ, մի քանի ծրագրերով»։
Արզումանյանն արձագանքեց, որ ինքնաբացարկ չի հայտարարի, քանի որ իր վրա ճնշում են գործադրում ուսանողները. «Ես ուղղակի ապշում եմ ձեր ռեակցիայից, ժողովուրդ, եթե դուք չեք ուզում, ես այստեղ չեմ մնա։ Զուտ մարդկային տեսանկյունից ինձ համար բնավ ցանկալի չէ աշխատել մի տեղ, որտեղ ինձ չեն սիրում։ Ես այդ հարցը կքննարկեմ նախարարի հետ»։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բողոքի ակցիա անող ուղանողներին առաջարկել է խումբ կազմել և գնալ նախարարություն՝ ռեկտորի հարցի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար:
Թատերական ինստիտուտում գտնվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը հայտնեց, որ նախարարը հանդիպման ժամը կհայտնի ռեկտորի միջոցով։
«Բանակցությունների համար անշուշտ հանդիպում է պետք, բայց ամենակարևոր պայմանը, որ դռները բացվում են, և մարդկանց ելումուտն ապահովվում է»,- ասաց պատգամավորը։
Քննարկումից հետո ուսանողներն ընդունեցին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու առաջարկը: Յոթ հոգանոց խումբը ուղևորվեց նախարարի հետ հանդիպման: Նրանք բացեցին բուհի դռները: