Դա շատ վատ հետևանք է ունենալու մեր տնտեսության համար. Մանե Թանդիլյան
«Դա շատ վատ հետևանք է ունենալու մեր տնտեսության համար»,- այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ցեմենտի ներկրման հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասի» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթով այժմ առաջարկվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել ոչ թե 22 հազար դրամ պետական տուրք, այլ 14 հազար դրամ, իսկ կլինկերի համար տուրք չսահմանել:
Այս օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և կգործի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:
Քննարկման ժամանակ Մանե Թանդիլյանն ասաց, որ սպասում էր, թե ի վերջո այս հարցի շուրջ ինչ լուծում են գտնելու կառավարությունն ու Ազգային։ «Մենք ընտրովի փոփոխություն ենք անում վատթարացնող նորմն ավելի շուտ կիրառության մեջ դնելու համար։ Կարծում եմ, որ շատ վատ նախադեպ է։ Հետագայում ինչ ենք բացատրելու այլ տնտեսվարողներին, որոնք նման անհրաժեշտության կարիք են ունենալու, և մենք, պարբերաբար այդ նորմը ոտնահարելով, փորձելու ենք ժամանակից շուտ կիրառության մեջ դնել, որը շատ վատ հետևանք է ունենալու մեր տնտեսության համար»,- ընդգծեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս նախադեպը բացասական է անդրադառնալու Հայաստանի ներդրումային միջավայրի համար։
Մանե Թանդիլյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը. «Ես ուղիղ հակառակը կասեմ: Ներդրողներն ավելի կխրախուսվեն, քանի որ կտեսնեն, որ ԱԺ-ն լսում է իրենց, հետամուտ է լինում: Այդ նույն գործարարները, որ կանգնած են փակվելու վտանգի առջև, նրանք նույնպես ներդրողներ են: Ինչո՞ւ չեք նրանց նայում ներդրողների աչքերով: Մենք այսօր իրականում պաշտպանում ենք մեր ներդրողներին, և սա լավ ազդակ է մյուս ներդրողների համար, որ կառավարությունը, ԱԺ-ն պատրաստ են օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելով պահպանել իրենց ներդրումները»:
Մանե Թանդիլյանն էլ արձագանքեց՝ հույս հայտնելով, որ իշխող մեծամասնությունը չի կիսում Հայկ Սարգսյանի կարծիքը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ Մանե Թանդիլյանի հնչեցրած մտահոգության հետ համաձայն է։
«Եթե հարկի դրույքաչափ փոխելիս լինեինք, կասեի՝ դեմ եմ այդպիսի փոփոխությանը։ Ես խոսեցի՝ բերելով շահութահարկի օրինակը, քանի որ շահութահարկի դեպքում 6 ամիսն էլ է քիչ։ Երբ ներդրում եմ կատարում, բայց կառավարությունը որոշում է, որ օրինակ՝ 20 տոկոս դրույքաչափը դարձնել 50 տոկոս, առնվազն այդ դրույքաչափի փոփոխությունը չպետք է տարածվի իմ նախագծի վրա, քանի որ ներդրում եմ կատարել՝ ակնկալելով, որ 5 տարի հետո այդ ներդրումը պետք է հետ բերեմ։ Շահութահարկի պարագայում 6 ամիսը միայն իրազեկման գործիք է։ Պետտուրքի փոփոխություններում մենք դրույթը կիրառում ենք իրոք իրազեկվածության կոնտեքստում։ Այս հարցը նոր չի առաջացել, երկու տարի է՝ խոսում ենք, դեռ մի քիչ էլ ուշացած առաջարկում են օրենք ընդունել, որ անմիջապես ուժի մեջ մտնի։ Մտահոգությունը հիմք ունի, և յուրաքանչյուր հաջորդ դեպքից հետո պետք է ոչ թե զգույշ, այլ շատ զգուշ լինենք»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։