Տիգրան Խաչիկյան. Հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Նախարարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի ամփոփ նկարագիրը: Մեթյու Մյուրեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իր առաքելությունն է օգնել ամերիկյան կառավարությանն իրականացնելու գնահատում՝ Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ ծրագրի մշակմանն օժանդակելու համար:
Միջազգային փորձագետն արձանագրել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը համաշխարհային խնդիր է և կարևորել է միջազգային համագործակցությունն անդրազգային կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարում: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև գողացված ակտիվների բացահայտման և առգրավման մեխանիզմներին:
Տիգրան Խաչիկյանը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների համատեքստում կարևորել է նման բովանդակային հանդիպումը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված ռազմավարական ծրագիրը բազմաոլորտային է և ներառում է 70-ից ավել միջոցառումներ:
Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման, որի շրջանակում գույքագրվելու են բոլոր արդյունավետ առաջարկները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան