ԿԳ նախարարը՝ Չեխովի դպրոցի տնօրենին. Ինչո՞ւ եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում
Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է առցանց հայտագրման համակարգը։ Առաջացած խնդիրները քննարկվել են ԿԳ նախարարի, Երևանի փոխքաղապետի ու դպրոցների տնօրենների հետ։ Հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԿԳ նախարարը նշել է՝ ծնողներն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով գալիս են դպրոց՝ ասում են փին- կոդերը բերեք:
«Դուք ինչ գործ ունեք դրանց հետ: Տնօրեններն արհեստական խոչընդոտում են՝ հետ ուղարկելով ծնողին: Բացի այդ, ինչի՞ համար եք պահանջում ավելորդ փաստաթղթեր, որ երեխան գրանցումից դու՞րս գա: Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունեք, բայց այդպես մի արեք»,-նշել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ պետք է դուրս գալ, այն արատավոր իրավիճակից, երբ որոշ օլիգարխիկ դպրոցներում երեխաներն ընդունվում էին ծանոթ, բարեկամ, հարևան, իշխանության միջնորդությամբ:
«Այդպես այլևս չի լինելու: Եթե դուք գիտեք, որ ձեր լիմիտները սպառվել են, ինչու եք ծնողին ուղղորդում նախարարություն: Օրինակ, խոսքը վերաբերում է Չեխովի անվան դպրոցի տնօրենին: Տիկին Սարուխանյան, ինչու եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում և ծնողներին ուղղորդում նախարարություն: Այո, օրենքն ասում է, որ բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Որտեղ հանիրավի ուղղորդումներ կլինեն դեպի քաղաքապետարան կամ նախարարություն, տնօրենները պետք է նկատողություն ստանան՝ իրենց պարտականությունները չկատարելու համար»,-ասել է ԿԳ նախարար արայիկ Հարությունյանը։
Չեխովի անվան դպրոցի տնօրենը նկատեց, որ իրենք չեն ուղղորդել, այլ ողջունում են բարեփոխումներն ու քայլում են ժամանակին համընթաց:
Հերթագրման նոր կարգի հետ կապված մի խնդիր էլ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է բարձրաձայնել և խնդրել է այն ուսումնասիրել. ծնողները նախընտրում են երեխային տանել այն դպրոց, որտեղ արդեն հաճախում է ընտանիքի մյուս երեխան կամ երեխաները: Տեղ չլինելը ծնողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: