Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է. ԱԳ նախարար
Բիշքեկում նախօրեին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ պատմական հիշողության պահպանումը հանդիսանում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևոր գործիքներից մեկը, և Հայաստանի համար անընդունելի են պատմության վերաշարադրման փորձերը, մեր հերոսական անցյալի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զարգացումների ու արդյունքների կամայական մեկնաբանությունները:
Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը:
«Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը», - շեշտել է նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:
Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետութունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ այն համագործակցության միջավայրի վրա:
«Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետութան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»,- ասել է նա։