Էս հո Կիկոսի մահը չի՞. Մարուքյան
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է, որ հիպոթեքի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից օգտվեն նաև մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռք բերելու դեպքում։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագծին դեմ փաստարկներով հիմնավորում են տարածքային ռասիզմը։
«Փաստը հետևյալն է, մարզում բանկում աշխատող մարդը կարողանում է բնակարան առնել Երևանում, բայց չի կարողանում բնակարան առնել իր քաղաքում, որտեղ ապրում է։ Եկամտահարկի մասին օրենքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը, իր լավ կողմերով հանդերձ, շատ դժգոհություններ ունի այն քաղաքացիներից, որոնք չեն բնակվում Երևանում: Մարզերում բնակարանաշինություն, ըստ էության, չկա, և մարզերում չեն կարողանում այս օրենքի առավելություններից օգտվել։ Ստացվում է՝ ՀՀ ամբողջ ժողովուրդն աշխատում և վճարում է հարկեր, բայց միայն մեկ տարածքի բնակիչներն են կարողանում օգտվել օրենքից»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կառավարության ցանկացած նախաձեռնություն ինքը կարող է դնել խելագարության կանծավարկածի տակ ու ասել, որ կքանդի երկիրը. «Էս հո Կիկոսի մահը չի՞, որ երեխան չծնված ասենք՝ վայ, որ ծնվի կմեծանա, ջրի կղրգենք, կգնա, վեր կընկնի կմեռնի։ Եկեք երկու տարով ընդունենք, մի հատ կնայենք, մոնիթորինգ կանենք, կտեսնենք ոնց է ընթանում ։Բայց հիմա կա հստակ պահանջարկ ու դժգոհություն»։
Հիշեցնենք, որ կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: