ՊՎԾ-ի հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ. Օսիպյան
Պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացրած հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը, թե տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված Ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացվում և հայտնաբերվել են որոշակի խախտումներ։
Նա նշեց, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք, այն էլ՝ ավարտից հետո։
«Ես կոռեկտ չեմ համարում նման հայտարարությունն այս փուլում։ Ստուգումները դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց։ Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը կարող էր կարծիք ներկայացնել: Եվ այդ ամենից հետո օրենքի համաձայն՝ ՊՎԾ պաշտոնակատարը ՀՀ վարչապետին պետք է ներկայացներ իր հայտնաբերածը և ոստիկանության մասին կարծիքը։ Դրանից հետո վարչապետը կորոշեր՝ ո՞ր իրավակառույցը զբաղվի դրանով, եթե կա խախտում։ Ինքը շտապեց և չհիմնավորված հայտարարություններ արեց»,- ասաց ոստիկանապետը։
Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և անհիմն է համարում նմանատիպ խոսակցությունները: «Խոսքը վերաբերում է պետհամարանիշներին։ Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ուզեցել է պետության սեփականություն հանդիսացող առարկան՝ պետհամարանիշը, էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել այնտեղ, որ կեղծիքներ չլինեն, քանի որ վերջին ժամանակաշրջանում շատ կեղծիքներ են լինում»,- նշեց նա։
Ոտսիկանապետը նաև հայտնեց, որ 10 տարի և ավելին միայն մեկ կազմակերպություն է անընդհատ համարանիշերի գնումների մրցույթը շահել. «Ես ոչ թե թույլատրել եմ, այլ աջակցել եմ, որպեսզի մասնակցի մեկ այլ կազմակերպություն։ Եվ այդ կազմակերպությունը, որը շահել է մրցույթը, հենց իր բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել ուսումնասիրություն անցկացնել»։
Հարցին՝ ոստիկանապետն իրավունք ունե՞ր աջակցել այդ կազմակերպությանը, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Աջակցությունը եղել է նրանով, որ կազմակերպությունից ցանկացել են հանդիպել ոստիկանապետի հետ, ես ընդունել եմ՝ չիմանալով ինքը ով է, ռուսական կողմի մասին է խոսքը։ Ինքն ասաց, որ տարիներ շարունակ դռները փակ են եղել իր առաջ, ես ասացի՝ խնդրեմ, ով է ձեզ արգելել, ինձ համար անհասկանալի է դա»։
Վալերիյ Օսիպյանի համար անհասկանալի է նաև այն, որ մրցույթը շահած կազմակերպության բողոքի հիման վրա է ՊՎԾ-ն մտել ոստիկանություն:
«Ես աբսուրդ եմ դա համարում, կոռեկտ էլ չի լինի, որ ես հիմա մեկնաբանեմ: Գործընթացը կավարտվի և իրավական գնահատական կտանք»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն անցած տարի իր պաշտոնավարման ընթացքում գնումներով տնտեսել են 500 մլն դրամ, սյս տարվա հունվարից սկսած տնտեսել են շուրջ 450 մլն, և հուլիսին կունենան տնտեսած շուրջ 1 մլրդ դրամ: