Դուք սուտ եք ասում. ԱԽ քարտուղարը՝ լրագրողին
«Հայ ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը համարվում է արևմտյան գործիչ և Ռուսաստանում նրան չեն ընդունում, քանի որ տարիներ առաջ մասնակցել է հակառուսական ակցիաների։
«Այդ հարցը մոտ մեկ տարվա հնության է։ Հայ-ռուսական հարաբերություններում ես որևէ խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն երեք հանդիպում, հունիսի 18-ին էլ կհանդիպենք Ռուսաստանում, երևի կլինի Պատրուշևի այցը Հայաստան, այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ինքը հակապուտինյան ակցիաներ է անցկացրել, պլակատներ է պահել, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Դուք սուտ եք ասում, սա շահարկվում է, սրան բազմիցս հստակ պատասխաններ տրվել է, ու դուք շարունակում եք դա շահարկել։ Եթե դուք կբերեք պաստառներ և ցույց կտաք, որ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը»։
Լրագրողները նաև հարցրեցին, թե վարչապետը երկու անգամ՝ Իրանում և օրերս էլ Երևանում, խոսել է Հայաստանի դեմ պատրաստվող դավադրության մասին, ի՞նչի մասին է խոսքը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Վարչապետը հնարավորինս պարզ խոսել է դրա մասին։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, հետագայում ավելի մանրամասն կխոսենք»։
Հարցին՝ այդ դավադիրները ներքին, թե արտաքին ուժեր են, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «21-րդ դարում ներքին ու արտաքինը տարանջատելը դժվար է, դրանք իրար հետ որոշակի փոխկապակցված են, շատ հաճախ ներքին գործընթացները արտաքին ազդեցություն են ունենում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան