Գեղամ Մանուկյան. Առաջին անգամ հանրահավաք է հրավիրվում՝ իշխանությունների լրջանալու կոչով
«Թերևս 30 տարվա մեջ առաջին անգամ այս հանրահավաքը հավաքել է մեր քաղաքացիներին, մեր հանրությանը, հայրենակիցներին, որպեսզի իշխանություններին ասի լրջացեք։ Այնքան է անլուրջ դարձել իրավիճակը, որ ծնողի պես, մեծական, մի քիչ փորձառություն ունեցող մարդու պես պարզապես ասի՝ լըր-ջա-ցեք»։ Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ կուսակցության անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ Ազատության հրապարակը անցած 30 տարիներին տեսել է բազում հանրահավաքներ, որոնց ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել։
Բանախոսը հիշեցրեց՝ 88-ին հնչում էր «Միացում», ապա կոչեր ընդդեմ Արցախի հարցում զիջումների, հայ-թուրքական արձանագրությունների, ինչպես նաև նախկին իշխանությունների հրաժարականի պահանջով և այլն։
Գեղամ Մանուկյանի խոսքով, այսօր Ազատության հրապարակում հավաքվածները մտածող, անհանգիստ, գաղափարական, հայրենասեր, շատեր նաև հայրենիքը պաշտպանած ու բոլորը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ մարդիկ են։
Ելույթ ունեցողն ասաց՝ Հայաստանում ջրբաժանները շատացել են. «Ջրբաժաններ, որ դրեցին նախկին իշխանությունները անցած մեկ տարվա ընթացքում՝ սև ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական, արցախցի ու գյումրեցի։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ թույլ չենք տա, որ 100 տարի հետո նորից ջրբաժան գծվի»։
Գեղամ Մանուկյանն ասաց, ինչպես հայտարարել են նախորդ տարի Արամ Մանուկյանի արձանի մոտ, թույլ չեն տալու, որ Հայաստանում լինի մեկ կարծիք։
«Մեկ կարծիքը դիկտատուրա է և Հայաստանում բացառվում է։ Դրա համար եկել ենք ասելու լըր-ջա-ցեք»,-ասաց Մանուկյանը։
Նրան հետևեցին հանրահավաքի մասնակիցները՝ վանկարկելով «լըր-ջա-ցեք», «լըր-ջա-ցեք», «լըր-ջա-ցեք»...
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներն առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան
- ՀՅԴ ԳՄ. Ստեղծված իրավիճակի և հետևանքների պատասխանատվության հասցեատերը իշխանություններն են
- Հրատապ, ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում
- ՀՅԴ. Երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի
- ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել