ԱԱԾ տնօրեն. Կաշառք ստանալու մեջ կասկածվող մաքսայինի աշխատակիցը սովորեցրել է քաղաքացիներին դիմել ծայրահեղ քայլերի
«Միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցներից կողմից որևէ խախտում չի եղել։ Հակառակ՝ քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն, ինքնասպան կլինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով օրերս Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին, երբ առևտրականներն ահազանգել էին, որ 5 օր է սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց փակել են անցակետի անգարում, թույլ չեն տալիս դուրս գալ։
Ա. Վանեցյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը. «Հայաստանի համապատասխան օրենքով յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման Հայաստան ներկրել 25 կգ բեռ։ Մեր քաղաքացիները, որոնք առևտրական նպատակներով պարեբարաբար մեկնում են Թուրքիա, ապրանքներ են բերում, չեն ուզում վճարեն մաքսազերծման համապատասխան գումարները ։ Այս դեպքում խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որոնք բերվել են, չեն ուզել վճարել»։
Նա ընդգծեց, որ 20 տոննա բեռից ձևակերպված է եղել շուրջ 3 տոննան, այն էլ որպես այլ ապրանք՝ հագած հագուստներ, ռեզինե խողովակներ, որոնց մաքսային վճարներ գրեթե չկան, զրոյական են, իսկ 17 տոննան փորձել են մաքսանենգ ճանապարհով անցկացնել։
ԱԱԾ տնօրենն ասաց, որ իրենց ունեցած տեղեկություններով Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն կաշառքի դիմաց այդ ապրանքներն անարգելք Հայաստան ներմուծելու համար։ ԱԱԾ–ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում գործընթացն արձանագրվել է, կասեցվել։
«Մաքսային ծառայության աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում էր կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է քաղաքացիներին աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել, դիմել ծայրահեղ քայլերի»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն՝ Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
- Փորձագետ. Երկրի տնտեսությունն իր վրա չպետք է զգա ԱԱԾ շունչը