Դատախազությունն այս պահին ստացել է միայն դատավորի հաղորդումը
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ դիմել է դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով մայիսի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգոյանի կայացված որոշման անօրինականության ու հակասահմանադրականության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ փոխվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա քրեական գործը կասեցվեց և ուղարկվեց ՍԴ։
Սիրունյանը վերջին որոշումը որակել է ակնհայտ ապօրինի և անարդար. «Հիշյալ դատական ակտն ամբողջությամբ կառուցված է Դավիթ Գրիգորյանի անձնական դրդումների հիման վրա»։ Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում նաև ակնարկել է, որ դատավորը գումարի դիմաց է նման որոշում կայացրել։
«Փաստինֆո»-ն երեկ գրել էր, որ իր հերթին դատավոր Դավիթ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Սրան էլ ի պատասխան այսօր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմում է հրապարակել իր էջում՝ պահանջելով դատավորի հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցել։
Panorama.am-ին դատախազությունից հայնտեցին, որ այս պահի դրությամբ ստացել են միայն Դավիթ Գրիգորյանի հաղորդումը։ Փաստաբան Սիրունյանի դիմումները դատախազությույն դեռ չեն հասել։
Հարակից հրապարակումներ`
- Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
- Դատախազությունը Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
- Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի