Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք. փոխնախարար
«Միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից մյուսը», - «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ գործիքակազմը առավելապես իրավական է և նպատակ ունի վերհանել այն պատճառները, որոնք հանգեցրել են զանգվածային խախտումների։
«Զանգվածային խախտումներ կարող են լինել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներում, ինչն էլ կարող է հանգեցնել ժողովրդավարական արժեքների արժեզրկմանը։ Այս պատճառով պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ գործիքակազմ է ընտրելու: Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ այս առումով և պետք է նկատի ունենալ, որ այս ենթատեքստում Հայաստանը երկու լրջագույն միջազգային հարթակ ունի, որոնց պետք է հետևենք՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի չափանիշներին։ Որոշ իրավաբաններ փորձում են սեպ խրել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ անցումային արդարադատության փաստաթղթերի միջև, բայց այս մոտեցումը ամբողջական չէ։ Եթե հիշենք, թե ինչպես է ձևավորվել Եվրոպայի խորհուրդն ու Ստրասբուրգի դատարանը, կպատասխանենք, որ ձևավորվել է անցումային արդարադատության ճանապարհով, երբ ժողովրդավարական արժեքները վնասված էին»,- մանրամասնեց փոխնախարարը։
Նա շեշտեց, որ անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք և միտված են հասարակությանը բերել հաշտեցման, եթե հասարակության մեջ կա առճակատում։
Ինչ վերաբերում է գործիքակազմին՝ Վարդապետյանն ասաց, որ դրանք հստակ սահմանված են՝ առաջինը քրեական մեղադրանքներն են, երկրորդը՝ վեթինգը, որը գնահատման գործընթացն է. «Շատ հաճախ այս տերմինը շատերը բառացի թարգմանում են որպես զտում, բայց դա իմաստային շփոթ է առաջացնում: Վեթինգը գնահատման գործընթաց է, որն ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան